Փարիզում ավարտվել է «Կրթվելը նորաձև է» շարժմանը աջակից «Հնարավորությունների հարթակ» նախագծի շրջանակում լրագրողների միջազգային եռօրյա վերապատրաստումը

Փարիզում ավարտվել է «Կրթվելը նորաձև է» շարժմանը աջակից «Հնարավորությունների հարթակ» նախագծի շրջանակում լրագրողների միջազգային եռօրյա վերապատրաստումը

«Կրթվելը նորաձև է» շարժմանը աջակից ծրագրի «Հնարավորությունների հարթակ» նախագծի շրջանակում Հայաստանի ԶԼՄ-ներից 14 լրագրող ապրիլի 13-15-ը մասնակցեցին «Oxford Training Centre» ընկերության կողմից կազմակերպված «Advanced Communications and Public Relations Management» («Առաջադեմ հաղորդակցություն և հանրային կապերի կառավարում») թեմայով միջազգային մասնագիտական եռօրյա վերապատրաստման դասընթացին, որը տեղի ունեցավ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։  Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:

Մինչ մեկնումը «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը հանդիպում էր ունեցել ծրագրի մասնակիցների հետ՝ նրանց փոխանցելով Հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի ուղեցույցները, որոնք ավանդաբար տրամադրվում են արտասահման մեկնող պատվիրակություններին։ Նա հորդորեց մասնակիցներին լինել առավելագույնս պարտաճանաչ և լիարժեք օգտվել այս հնարավորությունից՝ ընդգծելով, որ հիմնադրամը ծրագրի իրականացման համար ներդրել է զգալի ռեսուրսներ և կարևորում է նման նախաձեռնությունների ազդեցությունը ոչ միայն անհատի, այլև տեղեկատվական դաշտի և երկրի լրատվական ոլորտի զարգացման վրա։

Եռօրյա դասընթացը ներառում էր հաղորդակցության ռազմավարական պլանավորման, հանրային կապերի կառավարման, մեդիա հարաբերությունների, ճգնաժամային հաղորդակցության, բրենդավորման և հեղինակության կառավարման առանցքային թեմաներ։ Դասընթացը վարում էր պրոֆեսոր Ֆուրատ Ալ-Օթայբին, որն անդրադարձավ մեդիայի դերին օրակարգերի ձևավորման գործընթացում՝ առանձնահատուկ շեշտադրելով, որ հաճախ հենց այն թեմաները, որոնց մասին քիչ է խոսվում, կարող են դառնալ հանրային օրակարգի հիմք։ Նա մասնակիցներին սովորեցրեց տարբերել իրադարձությունը խնդրի էությունից, վերլուծել քաղաքական և սոցիալական գործընթացները ինչպես արտաքին, այնպես էլ ներքին դիտանկյուններից, նաև հասկանալ policy cycle-ի տրամաբանությունը՝ ով և ինչպես է ձևավորում օրակարգը, և ինչու են որոշ նախաձեռնություններ ձախողվում։

Ուսուցման մեթոդաբանությունը հիմնված էր ինտերակտիվ քննարկումների, իրական դեպքերի վերլուծության և խմբային գործնական առաջադրանքների վրա, ինչը հնարավորություն տվեց մասնակիցներին ոչ միայն ձեռք բերել տեսական գիտելիքներ, այլև անմիջապես կիրառել դրանք պրակտիկ միջավայրում։

Մասնակիցների գնահատմամբ՝ դասընթացը կարևոր փորձառություն էր մասնագիտական աճի համար։ Հանրային հեռուստաընկերության լրագրող Իրինա Մկրտչյանը նշում է, որ կարևոր դասերից մեկն այն էր, որ  յուրաքանչյուր իրադարձություն պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում, ինչը նպաստում է քննադատական մտածողության զարգացմանը և իրականության ավելի խորքային ընկալմանը։ Նրա խոսքով՝ մեդիա և վիզուալ բովանդակության վերլուծության միջոցով հնարավոր է հասկանալ, թե ինչպես են ձևավորվում հանրային ընկալումները, և ինչ դեր ունեն ուժը, դիսկուրսը և նույնիսկ լռությունը մեդիայում։

Իր հերթին, Հանրային ռադիոյի ներկայացուցիչ Աստղիկ Սարգսյանը կարևորել է լրագրության փիլիսոփայության վերաիմաստավորման թեման՝ ընդգծելով, որ լրագրողի դերը չի սահմանափակվում միայն իրականությունը փոխանցելով․ այն նաև կարող է նպաստել ցանկալի իրականության ձևավորմանը՝ ազդելով քաղաքականության մշակման գրեթե բոլոր փուլերի վրա։

«Շանթ» հեռուստաընկերության առավոտյան ծրագրի խմբագիր Վարդիթեր Գիշյանն էլ կիսվել է․ «Խրախուսվեց և ընդգծվեց, հատկապես սոցիալական թեմաների դեպքում, նյութը տարբեր դիտանկյուններից խորությամբ ուսումնասիրելու կարևորությունը, ինչպես նաև լրագրողի հետազոտական հմտությունների առկայությունը։ Բացի դրանից՝ հայկական իրականության պրիզմայով կարևոր անդրադարձ կատարվեց ֆեյք լրատվության, սև PR-ի և իրական տեղեկատվության տարբերակմանն ու փաստերի ստուգման կարևորությանը»։

Ապրիլի 15-ին տեղի ունեցավ սերտիֆիկատների հանձնման արարողությունը՝ ամփոփելով եռօրյա հագեցած և բովանդակալից ուսումնական փուլը։

Վերապատրաստման ավարտից հետո մասնակիցները վերադարձել են Երևան՝ լի նոր գիտելիքներով, փորձով և պատրաստակամությամբ՝ միջազգային առաջադեմ մոտեցումները ներդնել հայաստանյան մեդիա դաշտում՝ նպաստելով առավել գրագետ, պատասխանատու և թափանցիկ հաղորդակցության ձևավորմանը։

Այս ծրագիրը ևս մեկ անգամ ընդգծում է «Իմ քայլը» հիմնադրամի և «Կրթվելը նորաձև է» շարժման հանձնառությունը՝ զարգացնելու տարբեր ոլորտների մարդկանց մասնագիտական կարողությունները վերապատրաստման դասընթացների և նման սեմինարների միջոցով։

Դասընթացի մասնակիցներն էին`

Տիգրանուհի Բադալյան – «Սյունիք» հեռուստաընկերություն, լրագրող, հաղորդավար

Էմմա Կարապետյան – «Նոր Հայաստան» հեռուստաընկերություն, լուրերի խմբագիր, մեկնաբան

Կարինե Սարգսյան – «Զրույց» թերթ, լրագրող («Սպառողների ասոցիացիա»)

Աստղիկ Սարգսյան – Հանրային ռադիո (Voice of Yerevan), զրուցավար, Հատուկ նախագծերի բաժնի ղեկավար

Հերմինե Կարապետյան – «Հայկական ժամանակ», լրագրող, քաղաքական մեկնաբան

Անահիտ Մարգարյան – Հոգևոր-մշակութային հեռուստաընկերություն, լրագրող

Գոհար Սարգսյան – «Շանթ» հեռուստաընկերություն, լրագրող, խմբագիր

Վարդիթեր Գիշյան – «Շանթ» հեռուստաընկերություն, առավոտյան ծրագրի խմբագիր

Գիտա Էլիբեկյան – Հայաստանի Հանրային ռադիո, Վրաստանի թղթակից

Անահիտ Հակոբյան – «Շանթ» հեռուստաընկերություն, «Հորիզոն» լրատվական, միջազգային լուրերի պատասխանատու, SHANTNEWS.am-ի թողարկիչ/խմբագիր

Անահիտ Կարապետյան – «Շանթ» հեռուստաընկերություն, PR և Digital Marketing մասնագետ

Լուիզա Սարգսյան – «Շանթ» հեռուստաընկերություն, լրագրող

Հասմիկ Վիրաբյան – Ambion.news լրատվական կայք, խմբագիր

Ադրինե Թորոսյան – «Փաստ» օրաթերթ, լրագրող

Իրինա Մկրտչյան– Հանրային հեռուստաընկերություն

Հետևեք մեզ նաև Տելեգրամում