Իրանի հետ գործակցության Հայաստանի պատկերացումը ռազմավարական է՝ ընդլայնել Իրանի տարածքով լոգիստիկ շղթաները

Իրանի հետ գործակցության Հայաստանի պատկերացումը ռազմավարական է՝ ընդլայնել Իրանի տարածքով լոգիստիկ շղթաները

Իրանի հետ գործակցության Հայաստանի պատկերացումը ռազմավարական է։ Երևանը ցանկանում է Իրանի տարածքով լոգիստիկ շղթաները, հնարավորությունները ընդլայնել, ինչի համատեքստում շատ կարևոր է TRIPP նախագծի իրագործումը։

Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գոհունակությամբ ենք արձանագրում, որ մեր երկու բարեկամ երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները, կարծես թե, առաջընթացի դինամիկա են ցույց տալիս։ Մենք այլընտրանքներ, ընդհանուր առմամբ, ձևավորում ենք, բայց Իրանի հետ գործակցության մեր պատկերացումը ռազմավարական է, և մենք ուզում ենք Իրանի տարածքով մեր լոգիստիկ շղթաները, հնարավորությունները ընդլայնել, և նաև այս առումով է շատ կարևոր է TRIPP նախագծի իրագործումը, որովհետև դրա արդյունքում մենք երկաթուղային կապ կստանանք Իրանի հետ, որի պարագայում ապրանքների ներկրումը Հայաստան և Հայաստանից ապրանքների արտահանումն էականորեն կհեշտանա»,- ասաց վարչապետ։

Վարչապետը նաև նշեց, որ նախորդող շրջանում արդեն առկա էր նոր կապուղի՝ Կենտրոնական Ասիայով Չինաստանի հետ երկաթուղային կապը՝ Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով։

«Ենթադրում եմ, որ գործարարները բոլոր այն դեպքերում, երբ կտեսնեն, որ Իրանի տարածքով ապրանքներ բերելու խնդիր կա, այդ ուղղությամբ կբերեն։ Այս հարցերով Հայաստանի կառավարությունը զբաղվում է դեռևս նախորդ տարվանից, երբ տարածաշրջանում լարվածություն նկատվեց։

Մենք վստահ ենք, որ ապրանքների դեֆիցիտ մենք չենք ունենա։ Գնաճն ուրիշ խնդիր է, որովհետև եթե ծագման կետում այդ ապրանքի գինն աճում է, ապա դրա վրա մեր ազդեցության հնարավորությունները սահմանափակ են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի, մատակարարումների առումով այլընտրանքները կան, բայց համոզված է, որ առաջիկայում իրադրության կարգավորման համատեքստում տեղի կունենա TRIPP-ի իրագործումը, որի արդյունքում կձևավորվի Իրան-Հայաստան և Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային կապ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում