Բասկետբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում թիմերը խոստանում են «լուրջ» բասկետբոլ ցուցադրել
Հայաստանի բասկետբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում թիմերը խոստանում են «լուրջ» բասկետբոլ ցուցադրել:
Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանը մեծ հույսեր է կապում եզրափակիչ հասած երկու թիմերի` «Մեդ Ֆոքսիս»-ի և «Վահագնի Սիթի»-ի հետ: «Գավաթի խաղարկության եզրափակչի երկու մասնակիցներն էլ նորեկներ են առաջնությունում: Երկու թիմերն ամենաուժեղն են և ով կդառնա գավաթակիր դժվարանում եմ ասել: Փորձելու ենք այս խաղով այնպիսի որակ ցույց տալ, ինչը չի եղել նախկինում Հայաստանում, խոսքը հեռարձակման և այլնի մասին է: Այս տարի գավաթն առաջին անգամ պատրատսվել է հայկական վանակատից (հեղ. օբսիդիան)»,-ասաց նա:
«Վահագնի Սիթի»-ի գլխավոր մարզիչ Օգնեն Մոլևիչն էլ իր խոսքում շեշտեց, որ Հայաստանում աշխատել է տարիներ առաջ և այն կարծիքին է, որ առաջնությունն այն ժամանակ ավելի ուժեղ էր, քանի որ լիգայում սահմանափակումներ չկային (հեղ. Ա լիգայի խաղերում պարտադիր է երկու հայ խաղացող ունենալ կազմում միաժամանակ): «Այս տարի առաջնությունում հավասար պայքար է ծավալվում` հետնապահները հաղթում են առաջատարներին: Խոսելով եզրափակչից կարող եմ ասել, որ «Մեդ ֆոքս»-ի նկատմամբ մեծ հարգանք ունեմ, քանի որ թիմի վրա լուրջ ներդրումներ են կատարվում: Եզրափակիչում որոշիչ կլինի ամեն խաղարկում»,-ասաց նա:
Հայկական ակումբները և տարբեր տարիքային հավաքականներ մարզած Արեգ Վաթյանի կարծիքով «Վահագնի Սիթի»-ն թույլ մրցակից չէ: ««Վահագնի Սիթի»-ն լուրջ թիմ է և առաջիկա եզրափակիչում ակնկալիքս է որ լուրջ բասկետբոլ խաղանք: Փոխադարձ հարգանքով եմ վերաբերում նրանց, քանի որ լուրջ բասկետբոլիստներ ունեն կազմում»,-շեշտեց նա:
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա փետրվարի 6-ին նախկին Միկա մարզահամալիրի դահլիճում: Մուտքն ազատ է երկրպագուների համար (դիմակ կրել պարտադիր է լինելու): Հանդիպումը կմեկնարկի 18:00-ին:
Կարծիքներ