Մահացել է Հունաստանի նախկին նախագահ Սարձետակիսը, ով մեծ ավանդ է ունեցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Հունաստանի նախկին նախագահ (1985-1990 թթ) Խրիստոս Սարձետակիսի մահվան մասին, ով որպես արդարության և ժողովրդավարության ջատագով` մեծ ավանդ է ունեցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։
«Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորը ցավով ու ափսոսանքով տեղեկացավ` Հունաստանի նախկին նախագահ (1985-1990 թթ) Խրիստոս Սարձետակիսի մահվան մասին: Անմոռանալի է Խրիստոս Սարձետակիսի դերակատարությունն ու ավանդը` որպես արդարության և ժողովրդավարության ջատագով` այդ թվում եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:
2005 թվականի հունիսի 6-ին հայտնի «TIME» ամսագրին կից շրջանառության մեջ էր դրվել նաև Թուրքիայի Զբոսաշրջության նախարարության չորս էջանոց գովազդային «Թուրքիա, մշակույթների խաչմերուկ» վերնագրով հավելված` մի կոմպակտ սկավառակով:
Տարածված նյութը ապատեղեկատվություն էր տարածում` ներկայացնելով ցեղասպանության ժխտողականության հայտնի թեզերը։
Դեպքի վերաբերյալ Խրիստոս Սարձետակիսը նամակ է գրել «TIME» ամսագրի ղեկավարությանը` Փոքր Ասիայի բնիկ ժողովուրդներին պատճառած թուրքական ավերածությունների եւ սպանդերի մասին։ Նա ընդգծել է, որ սկավառակը մեկուկես ժամ անդրադառնում է Հայկական հարցին ու առանց որևէ ամոթի պնդում է, որ թուրքերն են եղել ցեղասպանության զոհ "ապստամբ հայերի" կողմից` ամբողջովին խեղաթյուրելով և կեղծելով պատմական ճշմարտությունը։ Նա նաեւ անդրադարձ է կատարում թուրքական պատմագիտության խեղաթյուրման այլ արտառոց դեպքերի` բացարձակապես անընդունելի որակելով դրանց տարածումը եվրոպական եւ ամերիկյան մամուլում»,- ասվում է գրառման մեջ։
Հունաստանում ՀՀ դեսպանությունը իր ցավակցությունն է հայտնել Խրիստոս Սարձետակիսի ընտանիքի անդամներին, ընկերներին եւ բարեկամներին ու նշել. «Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։
Կարծիքներ