«Fitch»-ը բարելավել է Հայաստանի վարկանիշը՝ տալով դրական հեռանկար
«Fitch Ratings» միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերանայել է Հայաստանի՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը` «B+»-ից բարձրացնելով «BB-»՝ կայուն հեռանկարով: Կազմակերպության կողմից ՀՀ-ին տրված վարկանիշի բարելավումը պայմանավորված է տնտեսական կայուն աճի, պարտքի կայունացման ցածր մակարդակի, կայուն հարկաբյուջետային քաղաքականության իրականացման, ինչպես նաև արտաքին հաշվեկշռի բարելավման կանխատեսումներով։Այս մասին հայտնում է Արմենպրեսը:
Կազմակերպության կողմից առանձնացվել են ՀՀ տնտեսությունում տեղի ունեցած այն կարևոր իրադարձությունները, որոնք ընկած են վարկանիշի բարելավման հիմքում։ Ստորև ամփոփ ներկայացնում ենք դրանք.
2020թ․-ին ՀՀ վարկանիշի կտրուկ իջեցումից հետո վերջին տարիներին ՀՀ տնտեսությունը շարունակական ցնցումներից վերականգնման միտումներ է ցուցաբերել, ուստի ներկայում կազմակերպության կողմից ակնկալվում է տնտեսական կայուն աճ։
«Fitch»-ի կողմից բարելավվել է նաև ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը։ Ակնկալվում է, որ 2023թ․-ին ՀՀ տնտեսությունը կաճի 7․2%-ով՝ նախորդ 6․1% կանխատեսման համեմատ։ Համեմատաբար ցածր աճ է սպասվում հաջորդող 2 տարիներին՝ 2024թ․-ին համապատասխանաբար 5․9%, իսկ 2025թ․-ին՝ 4․5%։
2023-2025թթ․-ի համար կազմակերպության կողմից ակնկալվում է պարտք/ՀՆԱ հարաբերակցության բարելավում 44․6% մակարդակում, ինչը ցածր է նախաքովիդյան ժամանակահատվածի ցուցանիշից։ Կանխատեսվում է, որ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը (շուկայական փոխարժեքով) մինչև 2025թ․-ը գրեթե կրկնապատկվելու է 2021թ․-ի մակարդակի համեմատ:
Վարկանիշի բարելավումը պայմանավորված է նաև ընթացիկ հաշվի վերաբերյալ դրական կանխատեսումներով։ Մասնավորապես, ակնկալում է, որ 2023-2025թթ․-ին այն կվերադառնա ՀՆԱ-ի միջինում 1․1%-ի դեֆիցիտի՝ բարձր ներքին պահանջարկի հետևանքով, սակայն վերոնշյալ դրական գործոնների ներքո կշարունակի մնալ պատմական միջինից ցածր:
Կազմակերպության կողմից առանձնացվել են նաև վարկանիշի բարելավման հիմնարար գործոնները, որոնցից են երկրում ամուր մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը, կառուցվածքային բարեփոխումների նկատմամբ բարձր վստահելիությունը և 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի բարենպաստ մակարդակը: Այս ամենին զուգահեռ կազմակերպությունն արձանագրել է աշխարհաքաղաքական ռիսկերի պահպանում։
«Հայաստանում նվազել է գնաճի մակարդակը, սակայն շարունակվում է դրամի արժևորումը։ Դրամական փոխանցումների կտրուկ աճը և Ռուսաստանից միգրանտների տեղաշարժը նպաստել են դրամի արժևորմանը 2022թ․-ի կեսերից ի վեր»,-նշված է «Fitch Ratings»-ի կողմից կատարված կանխատեսման մեջ։
Միաժամանակ, «Fitch Ratings» միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից 2023-2024թթ․-ին կանխատեսվել է դրամի չափավոր արժեզրկում, թեև դեռևս ավելի բարձր մակարդակ՝ ռուս-ուկրաինական հակամարտության սկզբի համեմատ:
Համեմատաբար բարենպաստ զարգացումներ են արձանագրվել նաև ՀՀ բանկային ոլորտում։ Հայաստանյան բանկերն ունեն համապատասխան դրամային և դոլարային իրացվելիություն, և կազմակերպությունն ավանդների ապակայունացնող արտահոսքը հավանական չի համարում:
Վերոնշյալ բոլոր գործոնները հիմք են հանդիսացել կազմակերպության կողմից ՀՀ-ին տրվող վարկանիշի բարելավմանը։
Հիշեցնենք, որ «Fitch Ratings»-ը վերահաստատել էր նախորդ կանխատեսման (փետրվար) մեջ ՀՀ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «B+» վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից փոխելով դեպի «դրական»:
Կարծիքներ