Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները Բաքվի համար շատ կարևոր են տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից. Բայրամով

Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները Բաքվի համար շատ կարևոր են տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից. Բայրամով

Ադրբեջանը շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների դրական զարգացմամբ: Այս մասին կիրակի օրը լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանա-իրանական հարաբերությունները Բաքվի համար շատ կարևոր են տարածաշրջանային զարգացման և անվտանգության տեսանկյունից, Ադրբեջանը միշտ շահագրգռված է եղել Իրանի հետ հարաբերությունների դրական զարգացմամբ, վերջին շրջանում երկու երկրների միջև լարվածություն է առաջացել, ինչի համար կային շատ լուրջ պատճառներ։ Մենք տեսնում ենք Իրանի մտադրությունը՝ լուրջ քայլեր ձեռնարկել տարաձայնությունների վերացման ուղղությամբ, այդ դեպքում Ադրբեջանը համարժեք փոխադարձ քայլեր կձեռնարկի»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

Բայրամովն ընդգծել է, որ Բաքուն բարձր է գնահատում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի այցը Ադրբեջան, նրա մասնակցությունը Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը հուլիսի 5-6-ին, ինչպես նաև Իրանի ղեկավարի հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նրա խոսքով, այս հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք լարվածություն են առաջացրել երկու երկրների միջև։

Բաքվի և Թեհրանի հարաբերությունները հատկապես սրվել են այս տարվա հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած զինված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր դիվանագիտական առաքելության անվտանգության աշխատակիցը և վիրավորվել էին նրա երկու գործընկերները։ Միջադեպից հետո Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել էր դիվանագիտական գործունեությունը, իսկ նրա աշխատակիցներն ու նրանց ընտանիքները տարհանվել էին Ադրբեջան։ Ապրիլի սկզբին Ադրբեջանը պերսոնա նոն գրատա էր հայտարարել Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակցի։ Իրանական կողմը նույնպես պատասխան քայլի է դիմել՝ արտաքսելով 4 ադրբեջանցի դիվանագետի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում