Ռուսաստանը օգնում է Թրամփին հաղթել ընտրություններում և խանգարում է Բայդենին․ ԱՄՆ հակահետախուզության ղեկավար
ԱՄՆ հակահետախուզության և անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Ուիլյամ Էվանինան հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է «սևացնել» ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին և աջակցել գործող նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Էվանինայի հայտարարությանը։
«Ռուսաստանը մի շարք միջոցներ է օգտագործում, որպեսզի առաջին հերթին սևացնի նախկին փոխնախագահ Բայդենին» – ասել է նա:
Էվանինայի կարծիքով, դա հաստատվում է Բայդենի հասցեին Մոսկվայի հրապարակային քննադատությամբ։
Ինչ վերաբերում է Թրամփին, ապա, ըստ Էվանինայի, որոշ «գործող անձինք» ձգտում են սատարել նրա թեկնածությունը սոցցանցերում և ռուսական հեռուստատեսությամբ:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Մոսկվան չի ցանկանում իր հաղթանակը գալիք նախագահական ընտրություններում: Նա «Ռուսաստանի դիրքորոշումը» բացատրել է նրանով, որ Թրամփի օրոք ՆԱՏՕ-ն մեծացրել է ռազմական ծախսերը եվրոպական պլացդարմում, իսկ Մոսկվան ցանկանում է դաշինքի թուլացումը:
Ինչպես հաղորդվել է, գրեթե երկու տարի շարունակ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը հետաքննել է «Ռուսաստանի միջամտության» գործը 2016 թվականի ընտրություններում, որտեղ հաղթանակ տարավ Թրամփը: Արդյունքում, ռուսական միջամտությունը չապացուցվեց։
Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին:
Կարծիքներ