Լը Պենը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում Ֆրանսիան դուրս բերել ՆԱՏՕ-ից
Մարին Լը Պենը, ով հավակնում է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին՝ «Ռալի Ազգային» կուսակցությունից, խոստացել է, որ հաղթանակի դեպքում միջոցներ կձեռնարկի երկիրը ՆԱՏՕ-ից դուրս բերելու համար։
«Մենք պետք է ազատորեն պաշտպանենք մեր շահերը, հրաժարվենք դաշինքների ռազմատենչ տրամաբանությունից և վերադառնանք իրավահավասարության ռազմավարությանը, որը մեծացրել է մեր երկիրը», - ասել է նա շաբաթ օրը Ռեյմսում նախընտրական հանրահավաքի ժամանակ:
Դիմելով կողմնակիցներին՝ Լը Պենն ընդգծել է, որ «հայրենիքի և կենսական շահերի պաշտպանությունը չի կարող պատվիրակվել», և միայն ֆրանսիական բանակը պետք է պաշտպանի Ֆրանսիան և նրա շահերը։ Քաղաքական գործչի կարծիքով՝ Ֆրանսիայի ռազմական ներուժը կարող է ամրապնդվել դաշնակիցների հետ համակարգված աշխատանքի և միջուկային զսպման քաղաքականության միջոցով։ «Նոր սառը պատերազմի ներկա պայմաններում Ֆրանսիան պետք է իր ձայնը լսելի դարձնի միջազգային ասպարեզում, այդ թվում՝ օգտագործելով իր դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Սա դիվանագիտական արտոնություն է, որը ժառանգել է գեներալ Շառլ դը Գոլը»,- հավելել է Լը Պենը։
Կարծիքներ