ՌԴ-ում Արցախի բնակչությանը օգնություն ցուցաբերել ցանկացողները կարող են դիմել դեսպանատուն
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կոչ է անում հանրությանը ստուգել Արցախի բնակչությանն օգնություն ցուցաբերող նախաձեռնությունների հավաստիությունը:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված գրառման մեջ նշում է, որ նախաձեռնությունների հեղինակները կարող են դիմել դեսպանատուն:
«Վերջին մեկ օրում տեղեկանում ենք Ռուսաստանում Արցախի բնակչությանը օգնություն ցուցաբերելու վերաբերյալ տարբեր նախաձեռնությունների մասին, որոնք իրականացնում են առանձին կազմակերպություններ, հիմնադրամներ, տարբեր ենթակառուցվածքներ և անհատներ: Նախաձեռնողները տարբեր են, և նրանցից յուրաքանչյուրը ունի իր ուղղությունն ու յուրահատկությունը: Միևնույն ժամանակ սոցիալական ցանցերում հաճախ ենք հանդիպում բավականին կասկածելի հրապարակումների և անհատների կողմից իրականացվող կոչերի օգնության հավաքման վերաբերյալ: Խնդրում ենք լինել ուշադիր նման հարցերում և ճշտել տեղեկատվության հավաստիությունը»,-ասվում է գրառման մեջ:
Դեսպանությունը տեղեկացնում է, որ օգնություն ցուցաբերելու նախաձեռնողները կարող են դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն (+7(966) 118-89-84): Դա կօգնի համատեղել ջանքերը և համակարգել աշխատանքները: Զինծառայողներին օգնություն ցույց տալու նպատակով նախաձեռնության հեղինակները կարող են օգնությունն ուղարկել նաև ՀՀ զինծառայողների ապահովագրության ֆոնդ (1000plus.am):
Հաղորդագրության մեջ դեսպանությունը հավելել է, որ Արցախի բնակիչներին աջակցելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում (himnadram.org) մեկնարկել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավը:
Կարծիքներ