Շոլցը կարծում է, որ Քամալա Հարիսը կարող է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին անվանել է «կոմպետենտ և փորձառու» քաղաքական գործիչ, որը կարող է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին Շոլցն ասել է ամենամյա ամառային մամուլի ասուլիսում։«ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավն, անշուշտ, հետաքրքիր կլինի՝ այժմ մի փոքր նոր կազմով և նոր աստղաբույլով», - Շոլցի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։Գերմանիայի կանցլերը բացահայտ կերպով աջակցում էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թեկնածությանը, մինչև վերջինս հուլիսի 21-ին հայտնեց ընտրապայքարից դուրս գալու և փոխնախագահ Քամալա Հարիսին աջակցելու մասին։«Կարծում եմ՝ շատ հնարավոր է, որ Քամալա Հարիսը հաղթի ընտրություններում, բայց դա կորոշեն ամերիկացի ընտրողները», - նշել է Շոլցը։Գերմանիայի կանցլերը հայտնել է, որ մի քանի անգամ հանդիպել է Հարիսին։«Նա կոմպետենտ և փորձառու քաղաքական գործիչ է, որը հստակ գիտի՝ ինչ է անում։ Նա գիտի, թե ինչ է ուզում և ինչ կարող է անել», - հավելել է կանցլերը։66-ամյա Շոլցին նաև հարցրել են՝ արդյոք ինքը կարող է հրաժարվել վերընտրվելուց, սակայն նա նշել է, որ կրկին կառաջադրվի կանցլերի պաշտոնում։
Կարծիքներ