Կիպրոսի հարցում նույնպես չի բացառվում ռազմական սցենարը. ինչը կարող է կանգնեցնել Թուրքիային
Արցախյան պատերազմից հետո Թուրքիան իր հայացքը կրկին սեւեռել է դեպի արեւմուտք։ Թուրքիայի ցամաքային, ռազմածովային ուժերն ու օդուժը նոյեմբերի 9-13-ը համատեղ զորավարժանքներ են իրականացրել Էգեյան ծովում։ Այս մասին «Թվիթեր»-ում գրառում է արել եւ լուսանկարներ հրապարակել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ «Ermenihaber» կայքի փոխանցմամբ, դրանք անցկացվել են Թուրքիայի ցամաքային ուժերի ընդհանուր նշանակության ու հարձակողական ուղղաթիռների եւ օդուժին պատկանող ինքնաթիռների մասնակցությամբ։ Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Կոնստանտինոս Ֆլորոսը զորավարժանքներին անդրադառնալով՝ նշել է, որ Թուրքիան մարտահրավեր է նետում Հունաստանի ինքնիշխան իրավունքներին եւ վտանգում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) կազմավորման 37-ամյակին նվիրված արարողության ժամանակ հայտարարել է, որ Կիպրոսի խնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա կղզում փաստացի գոյություն ունեցող երկու պետությունների ինքնիշխան հավասարության հիման վրա: Այս մոտեցումը երկակի ստանդարտների կիրառման լավագույն օրինակներից է. 26 տարի շարունակ ազգերի եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում փաստացի գոյություն ուներ Արցախի Հանրապետությունը, սակայն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից այս սկզբունքը ստորադասվում էր տարածքային ամբողջականության սկզբունքին։ Այսօր, երբ Թուրքիան լուծված է համարում արցախյան հակամարտությունը, արդեն օրակարգում առաջնային է դարձել ինքնորոշման հարցը, որը ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի դեպքում պարզապես ապտակ է միջազգային իրավունքի նորմերին։ Վերջին շրջանում միջազգային տարբեր լրատվամիջոցներ հայտնում են, որ ամենայն հավանականությամբ առաջիկայում Ադրբեջանը, Պակիստանը եւ Լիբիան կճանաչեն «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»: Այսպիսով, Թուրքիան ուժի եւ ուժի սպառնալիքի միջոցով, որոնք նույնպես միջազգային իրավունքի համաձայն անընդունելի են, շարունակում է լուծել իր առջեւ դրած խնդիրները։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում արեւելագետ, քաղաքագետ Տարոն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Թուրքիայի այդօրինակ գործողությունները նոր չեն սկսվել. 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո այդ երկիրը սկսեց ագրեսիվ ռազմական գործողություններ ծավալել հարեւան բոլոր պետությունների նկատմամբ, մասնավորապես՝ տարբեր փուլերով Սիրիայի տարածքում, Իրաքում, ինչպես նաեւ երկրի ներսում Քրդական բանվորական կուսակցության դեմ, որը սկսվել էր 2015-ից, եւ 2016-ին հեղաշրջման փորձից հետո ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, երբ քրդական ուժերն այլեւս չունեին լուրջ հնարավորություններ։ Արդեն 2019-ից Թուրքիան ակտիվ ներգրավվեց լիբիական հակամարտության մեջ։ Գեներալ Գյոքսել Քահյան, որը թուրքական բանակի ռազմաօդային ուժերի գեներալ է, ներգրավված էր ռազմական գործողություններում եւ ղեկավարում էր Լիբիայում անվտանգության եւ գործողությունների կենտրոնը կամ այլ կերպ կոչված «անօդաչուների կառավարման կենտրոնը» Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության զորքերին աջակցելու համար։ Օրաթերթի զրուցակիցը նշեց, որ գեներալին դեռեւս օգոստոսից տեսել են Ադրբեջանում եւ ամենայն հավանականությամբ Քահյան նույն գործառույթներն է իրականացրել Ադրբեջանի տարածքում՝ հաշվի առնելով, որ արցախյան պատերազմում նույնպես զանգվածաբար կիրառվել են թուրքական «Բայրաքթար» անօդաչուներ։
Թեեւ Կիպրոսի շուրջ լարվածությունը նոր չի սկսվել, այն բավականին երկար պատմություն ունի, սակայն վերջին ամիսների ընթացքում Թուրքիան ավելի ագրեսիվ դիրքորոշում էր որդեգրել։ «Տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությունը, մասնավորապես վերջին 4-5 տարում հենված է ագրեսիվ ռազմավարության, այսինքն՝ ուժի գործադրման միջոցով արդյունքի հասնելու քաղաքականության վրա։ Դրան նպաստում է նաեւ այն, որ վերջին 10 տարիների ընթացքում Թուրքիան զարգացրել էր ռազմարդյունաբերությունն ու զինված ուժերի պատրաստվածության մակարդակը, եւ ունի բավարար ռազմական ներուժ նմանատիպ գործողություններ զարգացնելու համար։ Այդ ամենը դրսեւորվեց նաեւ արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, որտեղ Թուրքիան անվերապահ, բացահայտ եւ բավականին մեծ աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին»,-մանրամասնեց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է Կիպրոսի հարցում հետագա զարգացումներին, ապա արեւելագետը չբացառեց, որ թուրքական կողմն այս դեպքում եւս դիմի ռազմական սցենարով հարցի լուծմանը։ «Վերջին տարիների զարգացումներից եւ արցախյան պատերազմից հետեւություններ անելով՝ հասկանում ենք, որ միջազգային զսպումների մեխանիզմներն ըստ էության չեն աշխատում»,-ասաց նա։ Այդ դեպքում ինչ մեխանիզմներ կարող են պարտադրել Թուրքիային հետ կանգնել ռազմական լուծման տարբերակից։ Քաղաքագետը միակ գործուն մեխանիզմը տեսնում է Միացյալ Նահանգների ներգրավումը, քանի որ ոչ Հունաստանը, ոչ Կիպրոսը չունեն բավարար ներուժ ռազմական ճանապարհով Թուրքիային ինչ-որ բան պարտադրելու համար։ Եթե արցախյան հակամարտության դեպքում Ռուսաստանն էր, որն օգտագործեց իր քաղաքական եւ ռազմական կշիռը, ապա Հունաստանի պարագայում կարող է լինել ԱՄՆ-ն։ Սակայն փաստացի ինչպիսի գործուն միջամտություն կունենա ԱՄՆ-ն Կիպրոսի խնդրի լուծմանը եւ ինչպես կկարողանա ուղղակիորեն ազդել Թուրքիայի վրա, «ՀՀ»-ի զրուցակիցը դժվարացավ ասել։ «Եթե Միացյալ Նահանգները պասիվություն ցուցաբերի, ապա Թուրքիան կարող է ռազմական ճանապարհով գնալ։ Նկատենք, որ դա կլինի ՆԱՏՕ-ի անդամ երկու պետությունների՝ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ բախում, ինչը բացասական արդյունքներ կունենա թե ԱՄՆ-ի, թե ՆԱՏՕ-ի հեղինակության համար»,-ասաց Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ 1974 թվականին բախում եղավ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ, ինչի արդյունքում Թուրքիան կարողացավ զավթել Կիպրոսի՝ թուրքերով բնակեցված հյուսիսային հատվածը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Կարծիքներ