Օմիկրոնն ունի 3 տեսակ, որից մեկն արդեն տարածված է Հայաստանում
Եվրամիության չափանիշներով՝ անկախ COVID-19-ի դեպքերի նվազումից, Հայաստանը դեռևս գտնվում է մուգ կարմիր գոտում, քանի որ երկրում կա հիվանդացության բարձր ցուցանիշ և դրական թեստերի մասնաբաժինը 29 տոկոսից ավելի է:
Այս մասին լրագրողների հետ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասել է ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Նա նշել է, որ վիճակագրական տվյալներով ամբողջ աշխարհում նույնպես իրավիճակը լարված է՝ պայմանավորված օմիկրոն շտամով: Այն ունի 3 ենթատեսակ, որոնցից ամենավտանգավոր ու ամենավարակիչն է BA2 ենթատեսակը: Այն արդեն Հայաստանում է և ընտրանքային սեկվենավորման հետազոտությունների շրջանակում անջատվել է որոշ նմուշներից:
Մասնագետը հավելեց, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելու դեպքում ախտանշանները շատ նման են լինում սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանիշներին՝ քթից արտահոսք, ջերմություն, հազ: Դա է հիմնական պատճառը, որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի չեն դիմում առաջնային պահպանման օղակներ:
Կարծիքներ