ԵԱՀԿ-ում ողջունել են ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցումը
ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահությունը ողջունել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը, գրում է tass.ru-ն։
«ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումների դադարեցումը։ Խաղաղության հասնելու համար միջազգային միջնորդությունը պետք է նպաստի, որպեսզի ցանկացած համաձայնեցված որոշում լինի կայուն և հումանիտար սկզբունքների հետ համատեղելի»,- ասված է ԵԱՀԿ նախագահի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»,- ասել է նա:
Կարծիքներ