Իսպանացի սննդաբանները ներկայացրել են սննդամթերքի լավագույն տեսակները փորկապության դեմ պայքարի համար

Իսպանացի սննդաբանները ներկայացրել են սննդամթերքի լավագույն տեսակները փորկապության դեմ պայքարի համար

Փորկապությունը շատ տհաճ խնդիր է, որից ազատվելը երբեմն այդքան էլ հեշտ չի լինում, սակայն իսպանացի սննդաբանները վստահ են, որ ճիշտ, բալանսավորված սննդակարգը կօգնի հեշտությամբ կարգավորել աղիների աշխատանքը, քանի որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք օգնում են պայքարել այս խնդրի դեմ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ փորկապություն է համարվում շաբաթական երեք անգամից պակաս դեֆեկացիան։ Կազմակերպության փորձագետները պնդում են, որ նորմա է համարվում շաբաթական երեք անգամից մինչև օրական երեք անգամ հաճախականությամբ դեֆեկացիան, մինչդեռ ավելի հաճախը կամ հազվադեպն արդեն իսկ որակվում է որպես աղիների աշխատանքի խանգարում։ Ընդ որում՝ դեֆեկացիան պետք է լինի առանց ուժ գործադրելու անհրաժեշտության և չառաջացնի տհաճ զգացողություններ։ Ցանկացած շեղում ենթադրում է անհապաղ միջոցների ձեռնարկում, մինչդեռ փորկապության դեպքում ոչ միշտ են այդ միջոցներն արդյունավետ լինում։

Իսպանացի մասնագետները շեշտում են, որ փորկապության դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը ճիշտ սննդակարգն է և որոշակի մթերքի գործածությունը, ուստի նրանք ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք կօգնեն կարգավորել աղիների աշխատանքը։

Շագանակագույն բրինձ

Իսպանացի մասնագետների խոսքով՝ այս մթերքն արդյունավետ լուծողական միջոց է, որը հարուստ է մեծ քանակությամբ հանքանյութերով ու В խմբի վիտամիններով, ուստի այն հարկավոր է սննդակարգի մասը դարձնել։

Ըմպելիքներ

Փորկապությունից ազատվելու համար հարկավոր է մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել։ Մասնագետները խորհուրդ են տալիս խմել մաքուր ջուր, կիսելներ, ոչ շատ թունդ արգանակներ, թուրմեր, սմուզիներ և պտղամսով բնական հյութեր։

Լոբազգիներ

Ոսպը, սիսեռը, լոբին ու ոլոռը շատ օգտակար են ու օգնում են խթանել աղիների ակտիվությունը՝ այդ կերպ ազատելով փորկապությունից։

Ընկույզներ

Ընկույզները պարունակում են ճարպաթթուներ, որոնք բարելավում են աղիների միկրոֆլորայի վիճակն ու ակտիվացնում են օգտակար բակտերիաների աճը։ Բացի այդ, դրանք պարունակում են նաև մանրաթելեր, որոնք բարելավում են աղիների աշխատանքը։

Բժիշկները նախազգուշացնում են, որ փորկապությունը կարող է լինել ներքին ախտաբանությունների մասին հուշող ախտանշան, ուստի այն չի կարելի անուշադրության մատնել։ Բացի այդ, փորկապության պատճառ կարող են դառնալ նաև ցածր կալորիականությամբ սննդակարգն ու նստակյաց կենսակերպը, ուստի եթե խնդիրն ի հայտ է գալիս այս գործոնների ֆոնին, ապա հարկավոր է ազատվել դրանցից։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում