Մոսկվայի մարզում և Նովայա Մոսկվայում 5 ԱԹՍ են խոցել
ՌԴ-ում՝ Նովայա Մոսկվայում, խոցվել է չորս անօդաչու թռչող սարք, որոնցից մեկի ընկած բեկորներից կենցաղային շենքում հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ արտակարգ ծառայություններից։
«Ընդհանուր առմամբ, հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերը հետ են մղել չորս անօդաչու թռչող սարքերի հարձակումները Նովայա Մոսկվայի երեք բնակավայրերում: Դրանցից մեկի բեկորներից հրդեհ է բռնկվել կենցաղային շենքում: Տուժածներ չկան», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նա հավելել է, որ հրդեհը տեղայնացված է, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
ТАСС-ը հավելում է, որ բոլոր անօդաչու թռչող սարքերը եղել են ինքնաթիռային տիպի և վաղ առավոտից ընթացել են դեպի Մոսկվա։
Եվս 1 ինքնաթիռային տիպի ԱԹՍ ընկել է Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի Կուբինկա քաղաքի ռազմական օբյեկտներից մեկի տարածքում։ Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ և ավերածություններ չկան։
Տեղի ունեցածի մասին այնուհետև հայտարարություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Այսօր առավոտյան տապալվել է Կիևի ռեժիմի փորձը՝ հինգ անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն իրականացնել Մոսկվայի մարզի և Նովայա Մոսկվայի օբյեկտների վրա: Նովայա Մոսկվայի տարածքում ուկրաինական չորս ԱԹՍ-ներ ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից: Եվս մեկ ԱԹՍ ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և կործանվել Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանում», - հայտնել են նախարարությունից՝ նույնպես նշելով, որ միջադեպի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։
ТАСС-ը հավելում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ «Վնուկովո» օդանավակայան թռիչքների մի մասն ուղարկվել է այլ օդանավակայաններ։
Կարծիքներ