Մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել 188 փախստականներ
Ռուս խաղաղապահները մեկ օրում ապահովել են Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ 188 փախստականների անվտանգ վերադարձը: 2020 թվականի նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայրեր է վերադարձել ընդհանուր 47 475 մարդ: Այս մասին հաղորդվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում ականազերծման ընթացքում 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած ռազմամթերքից մաքրել են 426,9 հա տարածք, 160,8 կմ ճանապարհ, 617 շինություն, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 19 652 պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսական արտագնա բժշկական բրիգադը Ննգի բնակավայրում (Ստեփանակերտից 40 կմ արեւելք) 18 բնակչի ցույց է տվել ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն, այդ թվում՝ 3 երեխայի: Ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցույց տվել Լեռնային Ղարաբաղի ընդհանուր 1109 բնակչի, այդ թվում՝ 138 երեխայի:
Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ Լեռնային Ղարաբաղի ԱԻՆ-ի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:
Լեռնային Ղարաբաղում հակամարտության անհետ կորած մասնակիցների մասին տեղեկությունների հավաքման «Թեժ գծի» աշխատանքի ընթացքում ընդունվել է 563 դիմում: Բոլոր դիմումները փոխանցվել են Կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբին:
Կարծիքներ