«Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթ. ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության խրախուսում
Գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել՝ յուրաքանչյուր ուստարվա ավարտին կազմակերպել «Բրեյն-ռինգ» ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ այս տարի ևս տեղի է ունեցել «Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթը:
Արդեն 15 տարի շարունակ կազմակերպվող մրցույթի նպատակն է ավագ դպրոցում տնտեսագիտություն, անձնական ֆինանսներ և ձեռնարկատիրություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
Յուրաքանչյուր մարզից մրցույթին մասնակցել է աշակերտների 5-ական թիմ։ Մրցույթում հաղթող է ճանաչվել Շիրակի մարզը ներկայացնող թիմը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Արարատի մարզի թիմը, իսկ երրորդ տեղը գրավել է Վայոց ձորի մարզի թիմը։
Հաղթողները ստացել են «Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ», «Սանահին եկեղեցի» և «Գնդեվանք եկեղեցի» հուշադրամները, «Ազգային դրամի 30-ամյակ» հիշատակային մետաղադրամների հավաքածու:
Մրցույթի ընթացքում հատուկ հարցեր են հնչեցվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի և Ավտոապահովագրողների բյուրոյի կողմից։ Հարցերին ճիշտ պատասխաններ տված մասնակիցները և թիմերն արժանացել են այդ կառույցների հատուկ մրցանակներին:
Կարծիքներ