Հնդկաստանը աջակցում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո. Դեվալ

Հնդկաստանը աջակցում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո. Դեվալ

Հնդկաստանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այդ մասին Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալը՝ ներկայացնելով իր երկրի սկզբունքային դիրքորոշումը միջազգային, ազգամիջյան, երկկողմ վեճերի և կոնֆլիկտների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:


Դեսպանը շեշտել է՝ Հնդկաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ցանկացած երկկողմ վեճ պետք է լուծվի խաղաղ բանակցությունների, դիվանագիտական երկխոսության և փոխըմբռնման միջոցով, և պատերազմը, ուժի սպառնալիքն ու բռնությունը «տեղ չունեն» այսպիսի հարցերում: Կիշան Դան Դեվալը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու հայ ժողովրդին՝ Հնդկաստանի անքակտելի մասը կազմող Ջամմու և Քաշմիրի հարցում Հնդկաստանին աջակցելու համար:

Անդրադառնալով Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմավարական գործընկերություն ձևավորելու հնարավորությանը վերաբերող հարցին՝ դեսպան Դեվալն ընդգծել է, որ Հայաստանի և Հնդկաստանի «քաղաքական կապերը շատ ամուր են և հիմա ավելի են ամրապնդվելու»:

Դեսպանի խոսքով՝ Երևանը և Դելին աշխատում են բոլոր հնարավոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական և պաշտպանության ոլորտում ամուր գործընկերություն ձևավորելու ուղղությամբ:

Կիշան Դան Դեվալը նաև պատմել է «Արմենպրես»-ի թղթակցին լեռներ մագլցելու իր սիրած զբաղմունքի, մասնավորապես՝ 2021 թվականին հայկական մի խմբի հետ Արարատ լեռան գագաթը բարձրանալու և իր ստացած տպավորությունների մասին:

«2021 թ. օգոստոսին ես արշավեցի դեպի Արարատ լեռը հայկական մի խմբի հետ և բախտ ունեցա բարձրանալու լեռան գագաթը: Արարատ լեռան գագաթից ես տեսա Երևանը: Գիտեք, ապշեցուցիչ զգացում է, երբ հասնում ես լեռան գագաթը և տեսնում բոլորին ներքևում, այնպես որ՝ զգում ես քեզ աշխարհի գագաթին: Երկրորդը՝ դու քեզ այնքան փոքր ես զգում, քանի որ տեսնում ես այդ հսկայական սարերը քո շուրջ, իսկ դու այդ ֆոնին միս ու արյան մի փոքրիկ կտոր ես լեռան գագաթին: Ուստի դա քեզ շատ է համեստացնում», - պատմել է դիվանագետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում