ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվն ահռելի մեծ ծավալների է հասել. Ոստիկանության պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը հատկապես վերջին 2 ամսում ահռելի ծավալների է հասել, էապես ավելացել են նաև նույնականացման քարտ ստանալու համար դիմողները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ԱԺ արտահերթ նիստում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում:
«Նախագծի նպատակն է տնտեսության, գիտության, մշակույթի, առողջապահության, սպորտի ոլորտները զարգացնելու նպատակով ընդլայնել պարզեցված կարգով քաղաքացիություն ստացող այն անձանց շրջանակը, որոնք իրենց նշանակալի ավանդը կունենան մի շարք ոլորտներում»,-ասաց Ֆիդանյանը:
Հիմնավորելով արտահերթ նիստում հարցի քննարկման հրատապությունը՝ նա ասաց. «Բոլորին քաջ հայտնի պատճառներից ելնելով՝ այս տարվա ընթացքում, հատկապես վերջին 2 ամիսների ընթացքում ահռելի մեծ ծավալների է հասել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը, ինչպես նաև ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար դիմողների թիվը: Եվ նման պարզաբանումներն այս պահի դրությամբ իրականում օրհասական են»:
2021 թվականի ընթացքում նույնականացման քարտ է ստացել 98 հազար 635 քաղաքացի, իսկ միայն 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում՝ արդեն 105 հազար 169 քաղաքացի: Բավականին աճել է նաև բացառիկ ծառայությունների մատուցման համար քաղաքացիություն ստացած անձանց թիվը: Եթե նրանց թիվը 2021-ին եղել է 9, ապա 2022-ի առաջին կիսամյակի ընթացքում՝ արդեն իսկ 14:
ԱԺ նիստում նախագիծն ընդունվեց՝ քվեարկությամբ ստանալով 58 կողմ ձայն:
Կարծիքներ