Վերջին 40 տարվա ընթացքում մարտ ամսին նման ինտենիսվությամբ տեղումներ չեն եղել. առաջիկա օրերին ցիկլոնը կպահպանվի

Վերջին 40 տարվա ընթացքում մարտ ամսին նման ինտենիսվությամբ տեղումներ չեն եղել. առաջիկա օրերին ցիկլոնը կպահպանվի

Մարտն աչքի է ընկնում խիստ ցածր ջերմային ֆոնով և բացառիկ առատ ձյան տեղումներով։ Հատկապես վերջին 8 օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է 6-8 աստիճանով։

Այս մասին հայտնում են ՀՀ հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից՝ նշելով, որ տեղումների քանակն այսօրվա դրությամբ՝ բացառությամբ Արարատյան դաշտի, հանրապետության մեծ մասում կազմում է նորմայի 150-200, առանձին հատվածներում՝ 210-230%-ը։ Վերջին երեք օրերին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության առանձին շրջաններում դիտվել է ռեկորդային քանակի ձյուն։

Մասնավորապես Տավուշի, Լոռիի, Սյունիքի առանձին հատվածներում 3 օրվա ընթացքում ձյան ծածկն ավելացել է 60-70սմ-ով, իսկ առանձին բնակավայրերում հասել է 100սմ-ի և ավելին։

Մարտի 20-ին հանրապետության մեծ մասում դիտված սաստիկ բքի պատճառով` մի շարք ճանապարհներ եղել են անանցանելի:

Վերջին 40 տարիների ընթացքում մեր երկրում մարտ ամսին նման ինտենսիվությամբ և երկարատև ձյան առատ տեղումներ չեն գրանցվել։

 Մարտի 21-25-ը հանրապետության տարածքում ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է, սակայն համեմատած մարտի 20-ի հետ` այն զգալիորեն կկորցնի իր ուժը։

Առաջիկա 5 օրերին պարբերաբար հանրապետության առանձին շրջաններում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, լեռնային գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին առանձնապես չի բարձրանալու, այն կշարունակի կլիմայական նորմայից ցածր մնալ մոտ 5-8 աստիճանով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում