Պուտինն ու Բայդենը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցն ավարտվել է Վաշինգտոնի ժամանակով 16:25-ին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։
«Նախագահ Բայդենի և նախագահ Պուտինի միջև զրույցն ավարտվել է ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով 16:25-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ զրույցը սկսվել է Վաշինգտոնի ժամանակով 15:35-ին: Այսպիսով, զրույցը տեւել է 50 րոպե։
Բայդենն այժմ գտնվում է Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում գտնվող իր տանը, որտեղ անցկացնում է հանգստյան օրերը: Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է ՏԱՍՍ-ին, որ զրույցը երկու առաջնորդների միջեւ սկսվել է ժամանակին: Այն անցկացվել է մամուլի համար փակ ռեժիմով։
Սա երկու նախագահների երկրորդ խոսակցությունն է վերջին մեկ ամսվա ընթացքում։ Դեկտեմբերի 7-ին Պուտինը և Բայդենը հեռախոսազրույցի ձևաչափով բանակցություններ են վարել, որոնք տևել են երկու ժամ։ Գերակշռող թեման Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն էր, և առաջնորդները քննարկեցին նաև երկկողմ հարաբերությունները, կիբերանվտանգությունը և Իրանի միջուկային գործարքը։
Նոր զրույցի նախաձեռնությունը Պուտինինն է։ Ինչպես ավելի վաղ լրագրողներին ասել էր Պեսկովը, հաղորդակցության նպատակն է շարունակել այն հարցերի քննարկումը, որոնք եղել են առաջնորդների միջև նախորդ զրույցի օրակարգում, ինչպես նաև 2022 թվականի հունվարին կայանալիք բանակցությունները։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էմիլի Հորնն իր հերթին ասել է, որ Բայդենն ակնկալում է Պուտինի հետ քննարկել մի շարք թեմաներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ առաջիկա դիվանագիտական շփումները։
Կարծիքներ