Ստամբուլի հայ համայնքի հետ քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի (ՀԽՀԿ) նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակության Ստամբուլ կատարած եռօրյա այցի ընթացքում տեղի հայկական հայրենակցական միություններին ու մարզական ակումբներին ներկայացվել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքներն ու դրանց ընթացքը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից։
«Տարիներ շարունակ սփյուռքը ամուր պահել ու հայությանը համախմբել են նաև նման կենտրոնները։ Այստեղ հայերեն գրել- կարդալ սովորելուց ավելի կարևորում են ազգային ավանդույթները սերմանելն ու պահպանելը, միմյանց ճանաչելն ու կողք-կողքի լինելը։
ՀԽՀԿ պատվիրակության հերթական կանգառը «Շիշլիի» մարզական ակումբն էր, որտեղ բացի ակումբի անդամներից ներկա էին նաև պոլսահայ լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Շրջայցից հետո ատենապետ Ալէն Թէքպըչաքը և վարչության անդամները հյուրերին ներկայացրել են Ակումբի հարուստ տարեգրությունն ու ձեռքբերումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ այնուհետև կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը պատասխանել է ակումբի անդամների ու լրագրողների հարցերին։
«Նկատի ունենալով նախորդ խաղերում պոլսահայերի ակտիվ մասնակցությունն ու ոգևորվածությունը՝ այս տարի ևս ակնկալում ենք մեծ թվով մասնակցություն։ Տարբեր երկրներից ժամանած երիտասարդները երկու շաբաթ անմոռանալի օրեր են անցկացնում հայրենքում և հայտերից ստացված վիճակագրությունը փաստում է, որ մասնակիցների 80-90 տոկոսն առաջին անգամ է լինում Հայաստանում»,- ասել է Իշխան Զաքարյանը։
Պատվիրակության հաջորդ այցելությունը Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու թաղային նորաստեղծ խուրհուրդն էր։ Այստեղ ևս քննարկվող հարցերը Համահայկական խաղերի շրջանակում էին։
«Պոլսի «Սեբաստիա» հայրենակցական միությունը համախմբում է ծնունդով ու արմատներով սեբաստացիներին։ Միությունում շատ ջերմ ու բարեկամական մթնոլորտում Սեբաստիայի, Մալաթիայի մեր հայրենակիցների հետ քննարկվել են Համահայկական խաղերին նրանց ներգրավվածության մասին հարցեր։ «Սեբաստիա» հայրենակցական միության անդամները նշել են, որ նման հետևողականությամբ կազմակերպվող խաղերը սփյուռքահայ երիտասարդներին համախմբելու, հայրենիքի հետ նրանց կապը սերտացնելու լավագույն միջոցներից է։
Ստամբուլյան ացի երկրորդ օրն ամփոփվեց «Սասուն Մոտքի» հայրենակցական միություն այցելությամբ։ Այն համախմբում է Պոլսում բնակվող արմատներով սասունցիներին։ 2011 թ. համահայկական ամառային 5-րդ խաղերին Սասունի պատվիրակությունն առաջին անգամ մասնակցեց խաղերին՝ դառնալով Համահայկականի հայտնությունն ու ամենահամախմբված պատվիրակությունը»,- հայտնում են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից։
«Ես շատ ուրախ եմ նման համախմբման համար, հենց այսպիսի միությունների շնորհիվ է, որ Սփյուռքը կա ու գոյատևում է և մենք դրանով է, որ ուժեղ ենք»,- նշել է Իշխան Զաքարյանը՝ հավելելով, որ այսօր այն ինչ տեղի է ունենում աշխարհում մեզ պարտավորեցնում է լինել առավել քան ուժեղ և համախմբված, ամրապնդել մեր կապերը հայրենիքի հետ թե՛ մշակութային, թե՛ սպորտային և թե՛ տնտեսական ուղղություններով ու բիզնեսում։
Զաքարյանը միության անդամներին հիշեցրել է, որ նախորդ երկու խաղերում Համահայկականի ջահերից մեկը վառվել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, մյուսն էլ՝ Մուսա Լեռան հայկական մնացած միակ գյուղի՝ Վագըֆի, Սուրբ Աստվածածին եկեղեցում։
«Սա նշան է այն բանի, որ մենք արժևորում ենք Սփյուռքը և անում ամեն ինչ որպեսզի այստեղի հայությունը իր թիկունքում զգա հայրենիքը»։
Պոլսահայերն իրենց երախտիքն են հայտնել Իշխան Զաքարյանին՝ Հայաստանի հետ սփյուռք կապերի ամրապնդումը խթանելու համար։
Համահայկական ամառային 8-րդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-19-ը։
Կարծիքներ