Արայիկ Հարությունյանի հայտարարությունն ուղղված էր նրանց, որոնք կողմ են ավելի մեղմ քաղաքականության․ Գուրգեն Ներսիսյան

Արայիկ Հարությունյանի հայտարարությունն ուղղված էր նրանց, որոնք կողմ են ավելի մեղմ քաղաքականության․ Գուրգեն Ներսիսյան

Սա առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը հայերի հետ խոսում է վերջնագրի լեզվով, սա Բաքվի կողմից հաճախ կիրառվող պրակտիկա է։ Նման դրսեւորումներից մեկը երեկ հնչեցրեց եւ ներկայացրեց Արցախի նախագահը։ Թեեւ սա սուր, նույնիսկ խուճապային տրամադրություններ է առաջացրել, ամեն դեպքում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ամենահանցավոր գործողություններով փորձում է հասնել իր նպատակներին։

Այս մասին, ըստ «Արցախպրես»-ի ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ։

«Մենք բազմաթիվ միջոցներ ենք ձեռնարկում դրան հակազդելու համար։ Այն, ինչ կատարվում է այսօր, Արցախի ժողովրդի կամքի համառ դրսեւորում է։ Ադրբեջանը դա լավ հասկանում է, ուստի փորձում է մեծացնել ճնշումը։
Մեր ժողովուրդը ինքնակազմակերպվել է։ Բոլորս՝ մեծից փոքր, համառորեն պատրաստվում ենք հակազդեցության։ Մեր ժողովուրդը իր տանն է եւ շարունակում է ապրել իր տանը։ Մեր խնդիրն է փոխանցել, որ սպանելով, ճնշում գործադրելով, ահաբեկելով՝ անհնար է հասնել որեւէ նպատակի։ Սա պետք է հասկանա ոչ միայն Ադրբեջանը, որը, խաղալով մի քանի ուղղություններով, փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը եւ ճնշում գործադրել մեզ վրա»,- ասել է Ներսիսյանը։

Անդրադառնալով նախագահ Հարությունյանի վերջին հայտարարությանը առ այն, որ հասարակության մեջ որոշակի տրամադրություններ կան ընդունելու Ադրբեջանի ներկայացրած առաջարկը՝ Ներսիսյանը շեշտեց, որ դրանք ուղղված են այն շերտերին, որոնք քննադատում են իշխանությանը կոշտ քաղաքականություն վարելու մեջ և գտնում են, որ պետք է ավելի մեղմ ու ճկուն քաղաքականություն վարել։

«Կարծում եմ, որ այս հայտարարությունն արվել է ի պատասխան նման հայտարարությունների ու քննադատությունների։
Նախագահի հայտարարությունը պետք է դիտարկել որպես քաղաքական»,- հավելել է Ներսիսյանը:

Անվտանգության խորհրդի վերջին նիստում ԱՀ նախագահը շեշտել է, որ իրենք չեն ընդունել, չեն ընդունում և չեն ընդունելու Ադրբեջանի ինտեգրացիոն օրակարգը։

«Մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու:
Նա նաև նշել է, որ հասարակության որոշ շրջանակների մոտ այնպիսի տրամադրություններ կան, որ «մենք պետք է ընդունենք Ադրբեջանի ներկայացրած առաջարկը։ Մարդիկ հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակներում բարձրաձայնել ու ասել, որ մեր ներկայիս իշխանությունների անկախության ճանապարհը սխալ է, ձեւակերպել այս տրամադրությունները, երկրում նոր կառավարություն ձեւավորել և գնալ իրենց ընտրած ուղով»։

«Բայց քանի որ մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, խնդրում եմ առաջին հերթին հարգել մեր որոշումը և ամեն նման մի երևույթի չարձագանքել և ներքաղաքական որևէ լարումներով»,- ասել է ԱՀ նախագահը։

Սակայն քաղաքական որոշ ուժեր ինչ-ինչ նկատառումներից ելնելով կտրել են կոնտեքստից նախագահի հայտարարությունը և դժվարին կացության մեջ գտնվող Արցախի ճակատագիրը դարձրել քաղաքական շահարկումների թեմա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում