Կառավարությունն ավելի քան 24 մլն դրամ կհատկացնի դպրոցականների թիմային խճուղավազքի անցկացման համար

Կառավարությունն ավելի քան 24 մլն դրամ կհատկացնի դպրոցականների թիմային խճուղավազքի անցկացման համար

Հաշվի առնելով հարցի հրատապությունը և ժամկետների սղությունը՝ Կառավարությունը թույլ տվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք» միջոցառման կազմակերպման ծառայությունը ձեռք բերել «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ դպրոցականների թիմային խճուղավազքի նպատակն է թիմային և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը:

Մրցաշարին կարող են մասնակցել Երևանում, մարզերում և Արցախում հաղթող ճանաչված լավագույն 12 թիմերը: 

Նախագծով նախատեսվում է ԿԳՄՍ նախարարության ընդհանուր հատկացումների հաշվին կատարել վերաբաշխում և 24 մլն 361 հազար 5 հարյուր դրամ հատկացնել մրցաշարի անցկացման համար: Նշված գումարի մեջ պարգևատրման ֆոնդը կազմում է 14 մլն 715 հազար 4 հարյուր դրամ: 

Դումանյանը նշեց, որ թիմային խճուղավազքի մրցույթում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:

Առաջին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4 մլն դրամով, երկրորդ տեղ գրավածը՝ 2,5 մլն դրամով, 3-րդ տեղ գրաված դպրոցը՝ 1,5 մլն դրամով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում