Երկու նոր ժամանակակից ԷՊ2Դ էլեկտրագնացքներ համալրեցին Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմը
Օգոստոսի 6-ին Երևանի երկաթուղային կայարանում ներկայացվեցին միանգամից երկու նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքներ, որոնք Հարավկովկասյան երկաթուղին գնեց ռուսաստանյան արտադրողից`«Տրանսմաշհոլդինգ» ընկերությունից: Այս մասին տեղեկացրեցին «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Էլեկտրագնացքները կսպասարկեն ներհանրապետական ուղերթները դեպի Գյումրի և Երասխ, ինչը զգալիորեն կբարձրացնի փոխադրումների հարմարավետության մակարդակը: Այսպիսով, ՀԿԵ-ն ունի արդեն 4 նոր շարժակազմ, և արդիականացման ծրագիրը հետևողականորեն իրականացվում է:
ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ կորոնավիրուսի և սահմանների փակման հետ կապված ոչ մի ժամանակավոր դժվարություն չի խանգարել այս ծրագրի իրականացմանը, էլեկտրագնացքները մատակարարվել են խոստացված ժամկետներում և այժմ անհրաժեշտ ստուգումներ կանցնեն:
«Վստահ եմ, որ մեր ուղևորները կգնահատեն հաճելի նորամուծությունները և կընտրեն երկաթուղին՝ հանրապետությունում ուղևորություններ կատարելու համար», - ասել է ընկերության ղեկավարը:
Հաջորդ տարի ՀԿԵ-ը նախատեսում է գնել ևս մեկ նոր էլեկտրագնացք և 50 նոր բեռնատար վագոններ:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, արտադրող ընկերության ներկայացուցիչները:
Միջոցառման շրջանակներում ՀԿԵ-ն Բաց դռների օր կազմակերպեց մոտ 100 դպրոցականների համար, ովքեր ծանոթացան Երկաթուղու թանգարանի նորացված ցուցահանդեսին, ինչպես նաև ընկերության նոր շարժակազմին: Մոտ օրերս երիտասարդների շրջանում երկաթուղին հանրայնացնելու նպատակով ՀԿԵ-ն դպրոցականների համար նոր էլեկտրագնացքով Երևանից Գյումրի շրջագայություն կկազմակերպի:
ԷՊ2Դ էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվեց էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին:
Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը:
Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Գնացքում ծխելն արգելվում է:
2020 թվականի առաջին կիսամյակում ՀԿԵ-ը ներհանրապետական հաղորդակցությունում տեղափոխել է 137 հազար ուղևոր, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում ՝ գրեթե 180 հազար ուղևոր ՝ ապահովելով 31% աճ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
Կարծիքներ