Կիևում փակվել է Հնդկաստանի դեսպանատունը
Ուկրաինայի մայրաքաղաքում Հնդկաստանի դեսպանատունը փակվել է, իսկ դեսպանն ու անձնակազմը տեղափոխվում են երկրի արևմտյան շրջաններ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է NDTV հեռուստաալիքը` վկայակոչելով աղբյուրներ։
Ըստ աղբյուրների՝ Հնդկաստանի դեսպանատունը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Լվով, որտեղ Հնդկաստանի դիվանագիտական ներկայացուցչությանը գրասենյակային տարածք է հատկացվել։
Հնդկաստանի դեսպանատան Twitter- ի էջում այս ժամի վերջին գրառումը կատարվել է երեքշաբթի կեսօրին: «Հնդկաստանի բոլոր քաղաքացիներին, ներառյալ ուսանողներին, խորհուրդ է տրվում շտապ հեռանալ Կիևից այսօր: Ցանկալի է մատչելի գնացքներով կամ ցանկացած այլ հասանելի միջոցներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երեքշաբթի երեկոյան առցանց մամուլի ճեպազրույցի ժամանակ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Հարշ Վարդան Շրինգլան ասել է, որ իր տեղեկություններով, Կիևում գտնվող Հնդկաստանի բոլոր քաղաքացիները հեռացել են այնտեղից։
Տարբեր հաշվարկներով՝ ներկայումս Ուկրաինայում ապրում է ավելի քան 16000 հնդիկ, որոնց մեծ մասն ուսանողներ են։
Կարծիքներ