ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտնել է Վաշինգտոնում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունների հետաձգման պատճառը
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որ այս շաբաթ պետք է տեղի ունենար Վաշինգտոնում, հետաձգվել է ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, սակայն ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է կողմերի միջև նոր բանակցություններ հյուրընկալելուն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարությունը ճեպազրույցի ժամանակ:
«Ինչպես նախկինում ասել ենք, մենք հավատացած ենք, որ առկա խնդիրները լուծելու համար ուղիղ երկխոսությունն առանցքային է: Մենք վստահ ենք, որ համաձայնությունը շատ մոտ է: Այս հանդիպումը, ցավոք, տեղի չունեցավ 100 տոկոսով ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, և մենք անհամբերությամբ սպասում ենք հնարավորինս շուտ հանդիպման նոր ամսաթիվ նշանակելուն», - նշել է պետքարտուղարության խոսնակը:
Մեթյու Միլլերը հրաժարվել է պատասխանել այն հարցին՝ արդյոք հնարավոր է, որ կողմերի հանդիպումը կայանա այս ամսվա վերջին:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը պետք է հանդիպեին Վաշինգտոնում, հունիսի 12-ին, սակայն հանդիպումից օրեր առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնեց, որ հանդիպումը հետաձգվում է ադրբեջանական կողմի խնդրանքով։
Կարծիքներ