Արդարադատության նախարարը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր Պրոբացիայի ծառայության աշխատակազմին և մարզային մարմինների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ ղեկավար՝ Արամ Նիկոյանին: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Գևորգ Սիմոնյանին կատարված աշխատանքի՝ մասնավորապես տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման գործընթացում ցուցաբերած ջանքերի համար: Նախարարը նշել է, որ քայլեր պետք է ձեռնարկվեն Պրոբացիայի ծառայության կարգավիճակի հստակեցման, տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների, ինչպես նաև ծառայության շենքային պայմանների բարելավման ուղղությամբ:
Կարևորվել է Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայության նոր՝ 2023-2026 թթ. ռազմավարության ընդունումից հետո՝ նախանշված աշխատանքները պատշաճ և ժամանակին իրականացնելու տեսլականը:
Նախարարը կարևորել է միջազգային գործընկերների՝ Եվրոպական միության, Եվրոպային խորհրդի, ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու դրանց շարունակականության ապահովումը:
Գրիգոր Մինասյանը հույս է հայտնել, որ Արամ Նիկոյանն իր ունեցած կառավարչական կարողությունները կներդնի՝ Պրոբացիայի ծառայության ծրագրերը կյանքի կոչելու համար: Արամ Նիկոյանը շնորհակալություն է հայտնել՝ վստահության համար և նշել, որ ջանքեր կգործադրի իր առջև դրված խնդիրները լուծելու համար:
Ծառայության նախկին ղեկավար Գևորգ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և նշել, որ Ծառայությունը մեծ կարողություն ունի առաջ շարժվելու և կատարելագործվելու համար:
Գրիգոր Մինասյանը մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։
Կարծիքներ