Խենթանալ կարելի է, մեր երեխաները նվագում են Բրամսի թիվ 4 սիմֆոնիան. Վահան Վարդապետյան. տեսանյութ
Բժիշկ, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.
«Այս տարի մեր փառապանծ ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանն է, որը մեզ պարգևել է ազգային արժանապատվության, հպարտության, մշակութային բարձր արժեքներ արարելու և աշխարհին որպես քաղաքակրթական ավանդույթներ կրող ազգ-պետություն ներկայանալու ամենաբարձր զգացողությունը։
Դրանում իր անուրանալի դերն ու վաստակն ունի մաեստրո Էդուարդ Թոփչյանը, ում այսօր կարելի է դասել միջազգային մակարդակի լավագույն դիրիժորների շարքում, ում ղեկավարած երաժշտական կոլեկտիվին համեմատում են աշխարհի առաջնակարգ նվագախմբերի հետ։ Այս մասին շատ է գրվել ու ասվել։ Սակայն այսօրվա համերգը, այն էլ այսպիսի բարդագույն ծրագրով, անհերքելի ապացույցն է միաժամանակ մի քանի իրողության`
-հայ ժողովուրդն իր մշակութային ընդերքում կարող է հրաշքներ ծնել ու արարել. նման որակի մանկապատանեկան նվագախումբ կերազեն ունենալ անգամ առաջադեմ աշխարհի ամենազարգացած երկրները
-ունենք պատանեկան ու մանկական սերունդ, որի հետ նվիրված ու արհեստավարժ աշխատանքը նման մշակութային սխրանքի կարող է հանգեցնել
-ունենք և կարող ենք ապահովել ֆիլհարմոնիկ նվագախմբի արժանի հերթափոխը, ինչը տարիներ շարունակ եղել է մաեստրո Թոփչյանի մտահոգությունը
-վերջապես, ունենք մշակույթի և քաղաքի պատասխանատուներ, ովքեր պատշաճ վերաբերմունք ու պատասխանատվություն կարող են ցուցաբերել իրական մշակույթի հանդեպ, ինչը դրվատանքի արժանի է (այսպիսի արժեքավոր գործերի համար պատրաստ եմ առաջինը փառաբանել)։
Ուստի իմ երախտագիտությունն եմ հայտնում, ըստ իս, վերջին տասնամյակների ամենամեծ մշակութային ձեռքբերումը դարձած մանկապատանեկան նվագախմբի ստեղծման և այս մակարդակով մեզ ներկայացման բոլոր պատասխանատու գործիչներին (գեղարվեստական, երաժշտական, պետական և այլն)։
Բրամսի սիմֆոնիաների մեծ երկրպագուս և Օհան Դուրյանի բրամսյան բացառիկ-անգերազանցելի մեկնաբանություններին սովոր ունկնդիրս շատ հաճախ եմ նյարդայնացել չբավարարող ու ոչ խորքային մեկնաբանություններից և անգամ դուրս եկել համերգասրահներից։
Կեցցեք, մաեստրո Թոփչյան, կեցցեք մեր հրաշալի երեխաներ, դուք այսօրվա ծրագիրը կատարեցիք փայլուն, շքեղ...
Հպարտ եմ, հիացած ու հուզված...»:
Կարծիքներ