Վրաստանը հերքում է իր տարածքով դեպի Ադրբեջան զենքի տեղափոխումը

Վրաստանը հերքում է իր տարածքով դեպի Ադրբեջան զենքի տեղափոխումը

Սոցիալական ցանցում տարածված տեղեկատվությունը, իբրեւ դեպի Ադրբեջան Վրաստանի տարածքով զենք է տեղափոխվում, ապատեղեկատվություն է եւ սուտ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան, հաղորդում է Ինտրեպրեսնյուսը:

Նրա խոսքով՝ Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է ռազմական բեռներ տեղափոխելու թույլտվության տրամադրումը:

«Վրացական կողմի դիրքորոշումը բեռներ տեղափոխելու առնչությամբ միանշանակ է, ինչը նշվել է Ազգային անվտանգության խորհրդի երեկվա նիստի ժամանակ: Վրաստանը դադարեցնում է երկու երկրների համար ռազմական բեռներ տեղափոխելու թույլտվության տրամադրումը, սակայն դա չի վերաբերում քաղաքացիական նշանակության բեռներին, եւ այդ ուղղությամբ Վրաստանը շարունակում է բարեխղճորեն կատարել իր պարտավորություններն ինչպես երրորդ երկրների, այնպես էլ մեր հարեւանների նկատմամբ:

Մենք հետեւում ենք, որ սոցցանցերում տարածվել է տարատեսակ ապատեղեկատվություն եւ ֆեյքային նորություններ, իբրեւ Վրաստանի տարածքով կատարվում է զենքի տեղափոխում: Բոլորովին վերջերս տարածվել էր տեղեկատվություն, որ իբրեւ դեպի Ադրբեջան Վրաստանի տարածքով զենք է տեղափոխվել, ինչը միանշանակ ապատեղեկատվություն է»,-հայտարարել է Դարսալիան:

Փոխնախարարը կոչ է արել բոլորին, այդ թվում՝ նաեւ հայկական կողմին, չտրվել ապատեղեկատվության: «Ցանկանում եմ կոչ անել հայկական կողմին, ամբողջ բնակչությանը չտրվել ապատեղեկատվության: Վրաստանը շարունակում է կատարել միջազգային պարտավորությունները, եւ ես կցանկանայի կոչ անել բոլորին կիսվել լուրերով՝ հղում անելով ստուգված եւ հավաստի աղբյուրներին»,-ասել է Դարսալիան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում