Գրիգոր Մինասյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է դատական և իրավական բարեփոխումների ընթացքը
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումների օրակարգը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանդիպմանը Գրիգոր Մինասյանն անդրադարձել է հանրային կառավարման բարեփոխումների շուրջ իրականացվող աշխատանքներին: Ներկայացնելով՝ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ճանապարհային քարտեզը, նախարարը նշել է, որ այն Կառավարության կարևորագույն առաջնահերթություններից է քանի որ այն էապես նպաստելու է երկրի զարգացմանը:
Գրիգոր Մինասյանը խոսել է իրավական փոխօգնության ոլորտում առկա համաձայնագրերի, ինչպես նաև Չեխիայի հետ արդյունավետ համագործակցության մասին:
Նախարարը նաև անդրադարձ է կատարել դատական և իրավական բարեփոխումների շրջանակներում իրականացվող դատական համակարգի թվայնացման աշխատանքներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը: Միաժամանակ, քննարկել է Չեխիայում հանրային ծառայության ոլորտում իրականացված բարեփոխումների փորձին ծանոթանալու հնարավորության հարցը՝ մասնավորապես թվային կառավարման ոլորտում:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ այս բարեփոխումները կարևոր դեր ունեն ոլորտի զարգացման համար: Պետր Պիրունչիկը կարևորել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացումը:
Նախարարն ու դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտին վերաբերելի մի շարք այլ հարցեր: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը ոլորտը զարգացնելու ուղղությամբ:
Կարծիքներ