Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Երևանում օրերս կայացավ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Իրինա Կրասոտինայի Կամերային երաժշտության ամառային դպրոցը, որը եզրափակվեց հունիսի 27-ին ‹‹Առնո Բաբաջանյան›› համերգասրահում կայացած շքեղ գալա-համերգով:

 

Կամերային երաժշտության ամառային դպրոցը կազմակերպել էր Primavera Foundation of Armenia հիմնադրամը, ‹‹Առնո Բաբաջանյան›› համերգասրահի աջակցությամբ, որն անցավ 2024թ.-ի հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում: Դասընթացները մասնակիցների համար անվճար էին, իսկ համերգի մուտքը՝ ազատ:

 

Ամառային դպրոցի ընթացքում պրոֆեսոր Կրասոտինան անհատական պարապմունքներ է վարել կամերային անսամբլների հետ, որոնք նախապես դիմել էին մասնակցության համար: Դպրոցին մասնակցում էին ինչպես Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցի աշակերտներ, այնպես էլ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ:

 

Գալա-համերգին երիտասարդ երաժիշտները փայլեցին իրենց վարպետությամբ՝ կատարելով Հայդնի, Բեթհովենի, Գլիերի, Գրիգի, Պուլենկի, Դեֆալյաի և այլ եվրոպական դասականների ստեղծագործություններ: Վերջիններիս կողքին հնչեց նաև Ամառային դպրոցի մասնակից, պատանի ջութակահարուհի և կոմպոզիտոր Վիկտորիա Ուլիխանյանի ‹‹Արևի մեխանիկա›› տրիոն, իսկ համերգի հատուկ հյուր, միջազգային ճանաչում ունեցող ‹‹Ավետիս›› լարային քառյակը ներկայացրեց Արման Ղուշչյանի ‹‹Հավերժությունը կազմված է ներկայից›› ստեղծագործության նոր խմբագրության համաշխարհային պրեմիերան (ստեղծագործությունը գրվել է 2023թ.-ին, որի սկզբնական տարբերակը հնչել է Լյուցեռնի փառատոնին՝ ամերիկյան Isidore String Quartet-ի կատարմամբ):

 

Պրոֆեսոր Կրասոտինան նշում է, որ ինքը պատանի երաժիշտների հետ ամեն օր ինտենսիվ պարապմունքներ է անցկացրել և ապշած է նրանց աշխատասիրության, առաջընթացի և զգայուն ընկալունակության վրա: ‹‹Նրանք հրաշալի արդյունքներ են գրացել, ես հպարտանում եմ յուրաքանչյուր երաժիշտով››, - հավելեց տիկին Կրասոտինան: Նա նաև ավելացրեց, որ իր համար բացահայտում էր այն, որ պատանի երաժիշտներից ոմանք նաև ստեղծագործում են: ‹‹Կամերային անսանբլն անգնահատելի նշանակություն ունի ցանկացած երաժշտի մասնագիտական կյանքում, այն սովորեցնում է համագործակցել, բեմի վրա շփվել մյուս երաժիշտների հետ, կառուցել փոխադարձ վստահություն և ըմբռնում, սոցիալական կապեր ստեղծել, ընկերական հարբերություններ հաստատել պատանի երաժիշտների միջև: Կամերային անսամբլը նաև հրաշալի հնարավորություն է տալիս մենակատարի կարիերա չունեցող երաժիշտներին,  մնալ բեմի վրա և շարունակել հաջող երաժշտական գործունեությունը: Մենք ծրագրում ենք Կամերային անսամբլի ամառային դպրոցը դարձնել ամենամյա և տարեց տարի ընդլայնել այն››:

 

Պատանի երաժիշտները չէին կարող թաքցնել իրենց ոգևորությունը և գնահատանքը այն բոլոր մասնագիտական հմտությունների և գաղտնիքների համար, որ փոխանցեց նրանց պրոֆեսոր Կրասոտինան: Նրանք նաև բարձր էին գնահատում վերջինիս մարդկային առաքինի որակները և այն, որ պրոֆեսորը միացավ իրենց, մեկ բեմի վրա կողք-կողքի հանդես գալով անսամբլով, ինչը հազվագյուտ փորձառություն էր իրենց համար:

 

Իրինա Կրասոտինան Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, Իպոլիտով-Իվանովի անվան պետական ​​երաժշտական ​​մանկավարժական ինստիտուտի անսամբլային ամբիոնի վարիչ, իսպանական երաժշտության մագիստրոս, արվեստի պատմության գիտությունների թեկնածու, Primavera Foundation of Armenia-ի  ‹‹Կամերային երաժշտություն›› բաժնի  ղեկավար: Սա տիկին Կրասոտինայի երկրորդ այցելությունն է Հայաստան. նա 2023թ.-ի սեպտեմբերին Երևանում անցկացրել է կամերային անսամբլի վարպետության դասեր:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում