Լեգենդար Կոմանդոսն այսօր կդառնար 82 տարեկան
ՀՀ ազգային հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, այսօր կդառնար 82 տարեկան:
Արցախյան ազատամարտի հերոսը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին՝ Վրացական ԽՍՀ մայրաքաղաք Թբիլիսիում: Թադևոսյանն ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։
Կոմանդոսը հայ ռազմարվեստի պատմության մեջ անգնահատելի ներդրում ունի: 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը, Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացրած ռազմագործողության շնորհիվ, ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին Կոմանդոսն ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին:
Գեներալ-մայորը պարգևատրվել է առաջին աստիճանի ՀՀ «Մարտական խաչ» շքանշանով: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման, կայացման, Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար 2021 թվականի մայիսի 8-ին հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:
Նիկոլ Փաշինյանը լեգենդար Կոմանդոսին հետմահու շնորհված Հայաստանի Ազգային հերոսի կոչումը հանձնել է նրա որդուն:
Արկադի Տեր-Թադևոսյանը մահացել է 2021-ի մարտի 31-ին:
Կարծիքներ