Մարտ Բաբայանի հրաժեշտի խոսքերը կնոջը

Մարտ Բաբայանի հրաժեշտի խոսքերը կնոջը

Ռուսաստանաբնակ երգիչ Մարտ Բաբայանը եւ պարուհի, արվեստաբան Էլեն Ամյանը երեք տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել են: Երգիչը հրաժեշտի գրառում է կատարել Ինստագրամի իր էջում՝ հրապարակելով նաեւ 2017 թվականին տեղի ունեցած իրենց նշանադրությունից մի փոքրիկ տեսանյութ։

«Մեր ընտանիքը հիմա դժվար ժամանակներ է ապրում: Ես ու Էլենը համատեղ որոշում ենք կայացրել ամուսնալուծվել: Ես խնդրում եմ ըմբռնումով մոտենալ մեր զգացմունքներին, չմռայլվել, մեզ միմյանց դեմ չհրահրել, անիրական պատմություններ չհորինել, որովհետեւ թե՛ ինձ, եւ թե՛ նրա համար շատ դժվար ու ցավալի էր այդպիսի ոչ դյուրին որոշում կայացնելը:

Միշտ քնքշությամբ ու երախտագիտությամբ կհիշեմ այն ժամանակահատվածը, երբ ծնվեց մեր սերը: Էլենը հրաշալի եւ շատ իմաստուն մարդ է, որն ինձ պարգեւել է այս զգացմունքներն ու իմ գեղեցիկ հրեշտակ-դստերը՝ Մարիելլային։ Ես անչափ շնորհակալ եմ Էլենին՝ հայր դառնալու հնարավորության համար», - գրել է նա:

Երգիչը նշել է՝ կփորձեն այնպես անել, որ իրենց երեխան չզգա ծնողների բաժանությունը.

«Ես անկեղծորեն մաղթում եմ նրան երջանկություն եւ իմ հերթին պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ միշտ կլինեմ իմ սիրելի դստեր կողքին եւ երբեք թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը պղծի իմ երեխայի մոր անունը: Ճակատագրով նախանշված էր, որ այս օրը պիտի գար... Մեր ընտանեկան գրքի վերջին էջը փակված է: Աջակցեք մեզ եւ երջանկություն մաղթեք։ Առջեւում մեզ հետաքրքիր կյանք է սպասվում, յուրաքանչյուրս որոշել ենք գնալ մեր ճանապարհով: Այն ամենը, ինչ մեր միջեւ եղել է՝ ե՛ւ լավ, ե՛ւ վատ, կմնա մեզ հետ: Մեզ միավորում է անսահման սերը մեր դստեր հանդեպ, եւ մենք պետք է մտածենք նրա ապագայի մասին»։

Մարտը հույս է հայտնել, որ նախկին կնոջ հետ կմնան ընկերներ եւ կուրախացնեն իրենց դստերը մշտական ու համատեղ ուշադրությամբ.«Ի վերջո մեր երեխաները մեղավոր չեն, որ մենք չկարողացանք... Հաջողություն, Էլենկա»,- եզրափակել է նա։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում