ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը ՄԱԿ-ի ներգրավումը հրամայական է. ԱԳ փոխնախարարը՝ ՄԱԿ ԳՔ փոխտեղակալին

ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը ՄԱԿ-ի ներգրավումը հրամայական է. ԱԳ փոխնախարարը՝ ՄԱԿ ԳՔ փոխտեղակալին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նոյեմբերի 17-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ Քաղաքական և խաղաղաշինության հարցերով դեպարտամենտի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկաների հարցերով Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման քաղաքականության, ուժի շարունակական կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով ԼՂ-ից 100 հազարից ավել բռնի տեղահանված հայ փախստականների անվտանգային, հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման կարևորությունը:

Ըստ աղբյուրի՝ այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է միջազգային հանրության, հատկապես՝ ՄԱԿ համապատասխան կառույցների ներգրավման հրամայականը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների առաջնային և երկարաժամկետ կարիքների բավարարման, նրանց հիմնարար իրավունքների վերականգնման և իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրավունքի ապահովման նպատակով:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանում երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման հեռանկարներին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում