Երևանում առաջին անգամ կայացել է մարդկային ռեսուրսների կառավարման DisruptHR համաշխարհային շարժման միջոցառումը
Նորարական գաղափարների, նոր ինֆորմացիայի, նոր սերնդին էներգիա հաղորդելու առաքելությամբ Ամերիաբանկի «Կամար» բիզնես կենտրոնում մայիսի 25-ին տեղի է ունեցել DisruptHR Yerevan միջոցառումը:
Դրա ընթացքում մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները լսարանի հետ կիսվել են իրենց գաղափարներով, նորարարական մտքերով և զինել նոր տեղեկություններով։ DisruptHR-ը համաշխարհային հաջողված շարժում է, որը ներկայումս ընդգրկում է 35 երկիր և 155 քաղաք:
«Cascade People & Business» ընկերության գլխավոր տնօրեն և հիմնադիր Արփի Կարապետյանի խոսքով՝ շատ երկար են պայքարել, որպեսզի այս շարժումը բերեն Հայաստան, որովհետև այն մեծ համբավ ունի և հաջողությամբ իրականացվել է արտասահմանյան երկրներում։
«Նպատակ ենք ունեցել ամեն ինչ անել, որպեսզի DisruptHR-ն ունենա նաև Yerevan խորագիրը։ Այն նորարական գաղափարների, նոր ինֆորմացիայի, նոր սերնդին էներգիա հաղորդելու մասին է։ Հիմնականում բոլոր խոսնակները մարդկային ռեսուրսների կառավարման մասնագիտության մարդիկ են, որոնք իրենց գաղափարներով և նորարական մտքերով կիսվել են լսարանի հետ։ Լսարանը զինվելու է նոր գաղափարներով, նրանք փորձելու են հասկանալ, թե ուր է գնում մարդկային ռեսուրսների կառավարումը որպես մասնագիտություն և ուր է գնում բիզնեսը։ Նպատակն է ընդհանուր հարթակ ստեղծել, որ մարդիկ կարողանան ազատորեն արտահայտել իրենց մտքերը և այն բոլոր ներքին զգացողությունները, որ իրենք ունեն մասնագիտության վերաբերյալ»,- ասել է Կարապետյանը։
Ամերիաբանկի մարդկային միջոցների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցն ուրախ է, որ Ամերիաբանկը միացել է DisruptHR նախաձեռնությանը։
«Այս նախաձեռնությունը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ։ Շատ կարևոր է մեզ համար մաս լինել այս ծրագրի։ Առավել կարևոր է այն, որ մենք կարող ենք կիսվել մեր գիտելիքներով, մեր փորձով գործընկերների հետ, լսել նրանց փորձի մասին։ Այս ամենը նոր փոփոխություն է բերելու շուկային, նպաստելու է մասնագիտական զարգացմանը, որովհետև այսօր մարդկային միջոցների կառավարման կարևորությունը բիզնեսում զգալի աճում է»,- եզրափակել է Վարդանյանցը։
Միջոցառման կազմակերպիչը «Cascade People & Business» ընկերությունն է, իսկ միջոցառման գործընկերներն են Ամերիաբանկը և «Armenia Wine»-ը։
Կարծիքներ