ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ և քարտուղար ունի
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ նախագահ է ընտրվել Գևորգ Մուրադյանը, իսկ քարտուղար՝ Միքայել Մալխասյանը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:
Օգոստոսի 25-ին կայացել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ նոր կազմով կայացած առաջին նիստը, որի օրակարգում երեք հարց էր:
Նոր կազմով հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային առաջին հարցը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունն էր, իսկ երկրորդը՝ քարտուղարի։
Օրակարգի երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։
Լրատվամիջոցներին թույլ չէին տվել լուսաբանել ՀԽ նիստը՝ որպես հիմնավորում ներկայացնելով պարետի այն որոշումը, որ մեկ վայրում 40 անձից ավելի գտնվել չի կարող:
Նիստից հետո ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք չեն արգելել լրագրողների մուտքը:
«Հաշվի առնելով երկրում գործող արտակարգ դրությունը՝ երկու տարբերակ է առաջարկվել լրագրողներին՝ տեսախցիկները տեղադրել դահլիճում և ապահովել ուղիղ հեռարձակում կամ որևէ լրատվամիջոցի միջոցով դա անել ու մյուսներին տրամադրել, եթե դա հնարավոր լիներ տեխնիկապես: Մենք պատասխան ստացանք, որ որևէ առաջարկն ընդունելի չէ: ԵՊՀ լրատվական ծառայությունն ամբողջությամբ տեսագրել և ձայնագրել է, այդ ամենը հասանելի կլինի համալսարանի կայքում»,- նշեց Անդրեասյանը:
ԿԳՄՍ փոխնախարարը հայտնեց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ամոբղջությամբ պատրաստակամ է իր ջանքերը ներդնել բուհը զարգացնելու ուղղությամբ:
Կարծիքներ