ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է «Ազովստալից» 500 մարդու տարհանման մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է ռուսական զորքերի կողմից արգելափակված Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից մոտ 500 մարդու տարհանման մասին, հայտնում է РБК-ն։
«ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համատեղ գործողության ընթացքում երկու շարասյուներով Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից և հարակից տարածքներից տարհանվել է մոտ 500 մարդ»,- ասել է Գուտերեշը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Մոսկվայի և Կիևի միջև համակարգման գործընթացը կշարունակվի, և կավելանա խաղաղ բնակիչների տարհանման համար «մարդասիրական դադարների» թիվը։
Ուկրաինայի նախագահն էլ հայտարարել է, որ «Ազովստալի» ուղղությամբ կրակը չի դադարում, և նշել, որ «Ազովստալից» տարհանվել է ավելի քան 150 մարդ, 300-ից ավելի մարդ դուրս է բերվել Մարիուպոլից և հարակից տարածքներից։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով գործարանը գրոհելու մասին ուկրաինական կողմի հայտարարություններին, ընդգծել է, որ երկրի զինված ուժերը ոչ թե գրոհում են «Ազովստալը», այլ ճնշում զինյալների առաջխաղացման փորձերը։
Կարծիքներ