Եթե դադարեցնենք բանակցությունները, ո՞րն է դրա այլընտրանքը, հապճեպ հայտարարություն անելու փոխարեն պետք է մտածել հետևանքների մասին

Եթե դադարեցնենք բանակցությունները, ո՞րն է դրա այլընտրանքը, հապճեպ հայտարարություն անելու փոխարեն պետք է մտածել հետևանքների մասին

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Արցախի ԱԺ այսօր ընդունած հայտարարությունը, որտեղ, մասնավորապես կոչ է արվում Վաշինգտոնում բանակցությունների մասնակցող Հայաստանի պատվիրակությանը դադարեցնել բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և Հայաստանի սահմաններում լիակատար հրադադարի  հաստատումը:

«Նախ, ցավակցում եմ զոհերի կապակցությամբ մեր ժողովրդին,  նրանց բարեկամներին, հարազատներին:

Երկրորդ՝ մի քիչ անհասկանալի է, թե ինչի համար է այդ հայտարարությունը, որովհետև եթե դադարեցնենք բանակցությունները, ո՞րն է դրա այլընտրանքը:

Կարծում եմ՝ հաճախ արագ-արագ, հապճեպ հայտարարություն անելու փոխարեն պետք է մի պահ կանգ առնել, մտածել հետագա քայլերի ու հայտարարության իմաստի ու հետևանքների մասին»,- ասաց նա:

Անդրադառնալով Արցախի ԱԺ նախագահի հայտարարությանը, թե Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և դա իրենց համար կարմիր գիծ է՝ Հայաստանի ԱԺ նախագահն ասաց. «Թող գնան բանակցեն և այդ դիրքորոշումով սկսեն բանակցությունները: Մենք չենք ուզում որևէ ձևով բան պարտադրել: Մեզնից հասնում է ամեն ինչով, ինչ Հայաստանն ի վիճակի է, աջակցել և մենք աջակցում և աջակցելու ենք միչև վերջ, բայց մնացածը, կարծում եմ՝ իրենք կբանակցեն ու կքննարկեն հակառակորդ կողմի հետ»:

Դիտարկմանը, որ ռուս խաղաղապահներին չի հաջողվում ապահովել եռակողմ հայտարարության իրագործումը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ռուս խաղաղապահներին դա գրեթե չի հաջողվում: Ես չգիտեմ՝ ո՞րն է այն կարմիր գիծն ադրբեջանցիների համար, որ նրանք այդ պահի դրությամբ ցանկություն ունենան ինչ-որ քայլ անել ու չեն անի ռուս խաղաղապահների այնտեղ լինելու բերումով: Ես այդ գիծը չեմ պատկերացնում: Ինձ մոտ տպավորություն է, որ այդ գիծը շատ բարակ է, կամ կարելի է ասել՝ գոյություն չունի»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում