ՄԻՊ-ն ու ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը քննարկել են Երեխաների իրավունքների պաշտպանության համատեղ առաջնահերթությունները
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ հանրային կապերի բաժինը:
Պաշտպանը ողջունել է միջազգային գործընկերներին ՄԻՊ աշխատակազմում և ընդգծել, որ հանդիպումը լավ առիթ է Պաշտպանի մանդատի ներքո համատեղ քննարկելու երեխաների իրավունքների պաշտպանության համատեղ առաջնահերթությունները:
Քրիստինե Վայգանդն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել, որ բարձր է գնահատում համագործակցության նախկին փորձը Քրիստիննե Գրիգորյանի հետ՝ Անչափահասների արդարադատության խորհրդի շրջանակում, միաժամանակ, ընդգծելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԻՊ աշխատակազմի միջև սերտ համագործակցության փորձը ևս:
Օրակարգային հարցերի շրջանակում կողմերը քննարկել են Մարդու իրավունքների պաշտպանին կից Երիտասարդական խորհրդի ստեղծման նպատակադրմանը, երեխաների իրավունքների պաաշտպանության ոլորտում ՄԻՊ աշխատակազմի մոնիտորինգային կարողությունների հզորացման, ինչպես նաև http://children.ombuds.am/ տեղեկատվական հարթակի զարգացման հնարավորությունները, որպես երեխաների իրավունքների պաշտպանության իրազեկվածության բարձրացմանը միտված գործիքի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուսուցիչների և սոցիալական աշխատողների համատեղ վերապատրաստումներին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև ատելության խոսքի բացառմանն ուղղված կրթական ծրագրերի վաղ տարիքում ներդրման անհրաժեշտությանն առնչվող հարցերը:
Երեխաների իրավունքների պաշտպանության մշտադիտարկման ազգային մեխանիզմների բարելավման համատեքստում Պատպանը նշել է, որ ազգային տարբեր ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում գնահատման և մշտադիտարկման մեխանիզմները շարունակում են մնալ անկատար, և որպես մարդու իրավունքների պաշտպան՝ հետամուտ է լինելու ոլորտային ռազմավարությունների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի կողմից ներկայացվող կարծիքներում և առաջարկներում գնահատման ու մշտադիտարկման մեխանիզմների կատարելագործմանը, ինչը հնարավորություն կտա նաև ՄԻՊ աշխատակազմին առավել արդյունավետ գործելու որպես մոնիտորինգային մարմին:
Քրիստինե Վայգանդն անդրադառնալով Պաշտպանի հաստատության և ՅՈՒՆԻՍԵՖ-Ի երկարամյա համագործակցության փորձին՝ ընդգծել է, որ այն ամենահաջողվածներից է աշխարհում և ՄԻՊ աշխատակազմի կարողությունների հետագա զարգացման գործընթացում առավել իմաստալից ներգրավվածության պատրաստակամություն է հայտնել:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը համատեղ տարբեր ծրագրերի իրականացման շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել:
Կարծիքներ