Բրիտանական նոր պատժամիջոցները կարող են ազդել ռուսական էներգետիկ ընկերությունների ակտիվների վրա

Բրիտանական նոր պատժամիջոցները կարող են ազդել ռուսական էներգետիկ ընկերությունների ակտիվների վրա

Մեծ Բրիտանիայի կառավարությունը երկուշաբթի օրը կներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ, որը կարող է ազդել ռուսական էներգետիկ ընկերությունների ակտիվների վրա։ ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է  The Times թերթը՝ վկայակոչելով բրիտանական նախարարների կաբինետի աղբյուրները։

Սահմանափակումները, որոնք ենթադրում են ակտիվների սառեցում և Միացյալ Թագավորություն մուտքի արգելք, կտարածվեն Ռուսաստանի իշխանությունների համար ռազմավարական նշանակություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա։

Կիրակի օրը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը Sky News-ին տված հարցազրույցում ասել է, որ երկրի իշխանությունները կփոփոխեն գործող օրենսդրությունը, որպեսզի կարողանան ընդլայնել պատժամիջոցների ցանկը։ «Ներկայումս մենք կարող ենք պատժամիջոցներ կիրառել միայն նրանց դեմ, ովքեր անմիջականորեն մասնակցում են Ուկրաինայում ապակայունացմանը: Մենք պատրաստվում ենք ընդլայնել ցուցակը, որպեսզի Կրեմլին և Ռուսաստանի ռեժիմին հետաքրքրող ցանկացած ընկերություն ենթարկվի պատժամիջոցների», - ասել է նա:

Միևնույն ժամանակ, Թրասը հրաժարվեց որևէ մանրամասներ հայտնել, թե ինչ են լինելու հայտարարված սահմանափակումները։ «Ոչինչ բացառված չէ»,- ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով Լոնդոնում բնակվող ռուս խոշոր գործարարների ունեցվածքի դեմ հնարավոր միջոցների մասին հարցին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում