Եթե իրատեսորեն գոյություն ունենա ԼՂ վերադառնալու տարբերակ, հարց է՝ ինչքանո՞վ մարդը կվստահի այդ հնարավորությանը. Փաշինյան

Եթե իրատեսորեն գոյություն ունենա ԼՂ վերադառնալու տարբերակ, հարց է՝ ինչքանո՞վ մարդը կվստահի այդ հնարավորությանը. Փաշինյան

Ի՞նչ ապագա է սպասում ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար անձանց, ովքեր ստիպված եղան լքել տարածաշրջանը։

Պատասխանելով The Wall Street Journal-ի հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Կա կարճաժամկետ ապագա, կա միջնաժամկետ ապագա, կա երկարաժամկետ ապագա: Կարճաժամկետում՝ մեր խնդիրը փախստական դարձած մեր հայրենակիցների ամենահրատապ կարիքները հոգալն է: Միջնաժամկետում նույնպես, որպեսզի նրանք ապրելու արժանապատիվ հնարավորություններ ունենան: Մեր մոտեցումն այն է, որ եթե նրանք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանք մնան, ապրեն, ստեղծագործեն Հայաստանի Հանրապետությունում:

Իհարկե ինչպիսի՞ն է լինելու այդ ապագան՝ մեծապես կախված է նրանից, թե ի՞նչ առաջարկություն կանի նրանց, կամ ի՞նչ դիրքորոշմամբ հանդես կգա, կամ ի՞նչ պայմաններ կստեղծի Ադրբեջանը: Եվ այս առումով միջազգային հանրությունն ի՞նքը կքաջալերի և ինչի՞ն կաջակցի: Բայց նաև, հաշվի առնելով հենց էթնիկ զտումների, մարդկանց սովի մատնելու, ըստ էության, բռնի տեղահանելու հանգամանքը, շատ մեծ ջանքեր է պետք գործադրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերն այնտեղ վերադառնալու ցանկություն ունենան՝ այն պարագայում, եթե դրա հնարավորությունն իրատեսականորեն գոյություն կունենա:

Այսինքն, սրանք այս նույն թեմայի մեջ, բայց հարցեր կան, որոնք կարող են նույնիսկ մեկ տասնյակի հասնել: Առաջինը՝ ինչքանո՞վ է իրատեսորեն այդ հնարավորությունը գոյություն կունենա, և իրատեսորեն գոյություն ունենալու դեպքում ինչքանո՞վ մարդիկ կվստահեն այդ հնարավորությանը: Սրանք շատ լուրջ և խորը հարցեր են»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում