Ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 1 044 բնակչի, այդ թվում՝ 131 երեխայի
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բժշկական ծառայության պետ, բժշկական ծառայության փոխգնդապետ Օլեգ Բագաևը շնորհավորել է հատուկ նշանակության բժշկական ջոկատի մասնագետներին Ամանորի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության կայքից։
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության անունից Օլեգ Բագաևն ամանորյա նվերներ է հանձնել դաշտային հոսպիտալի բժիշկներին, բուժքույրերին և բժշկական անձնակազմին:
Նշվում է, որ ռուս ռազմական բժիշկները մինչև այժմ օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 1 044 բնակչի, այդ թվում՝ 131 երեխայի։
Հատուկ նշանակության բժշկական ջոկատի կազմում ներառված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հեռավոր շրջանների և գյուղերի տեղի բնակչությանը հոգեբանական ծառայություն մատուցող մասնագետներ:
Այդ ջոկատի ստորաբաժանումներում աշխատում է ավելի քան 60 մասնագետ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ, համաճարակաբաններ։
Կարծիքներ