Շվեդիայում 70-ամյա կնոջ են ձերբակալել՝ որդուն տասնամյակներ շարունակ տանը փակված պահելու կասկածանքով
Շվեդիայում ոստիկանությունը ձերբակալել է տարեց կնոջ, որին կասկածում են սեփական որդուն բնակարանում տասնամյակներ շարունակ բանտարկված պահելու մեջ:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, տղամարդուն, որն այժմ մոտ 40 տարեկան է, հայտնաբերել է բարեկամուհիներից մեկը, որը կարողացել է տուն մտնել, երբ տղամարդու մորը հիվանդանոց են տարել ինքնազգացողության վատթարացման պատճառով:
Ստոկհոլմի արվարձաններից մեկում բնակվող 70-ամյա կինն այժմ գտնվում է ոստիկանությունում և կմնա կալանքի տակ, մինչև պարզվեն գործի հանգամանքները: Վերջինս հերքում է իրեն ուղղված մեղադրանքները որդուն փակված պահելու և նրան վնասելու մեջ:
Բարեկամուհու խոսքով՝ ինքը տղամարդուն հայտնաբերել է խոհանոցի անկյունում նստած՝ ցնցոտիների մեջ, թափված ատամներով և ոտքերին բազմաթիվ խոցերով: Ինչպես կինը նշել է, տղամարդը ճանաչել է իրեն և արտասանել է իր անունը, թեև վերջին անգամ բարեկամուհուն տեսել էր 20 տարի առաջ:
Երիտասարդ տարիներին բարեկամուհին, որի անունը չի հաղորդվում, փորձել է բարձրաձայնել տղայի անվտանգության հարցը, որին մայրը դեռ 11-12 տարեկանից հանել էր դպրոցից, սակայն ապարդյուն:
Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: Վերջին տեղեկության համաձայն՝ նրան վիրահատություն էր անհրաժեշտ: Նրա վիճակի մասին այլ տեղեկություներ չեն հաղորդվել:
Կարծիքներ