Բևեռական Վարդան Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Բևեռական Վարդան Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել ԱԺԲ անդամ Վարդան Հակոբյանի հետ կապված գործի վերաբերյալ։

Վերջինս «YouTube.com» կայքի միջոցով իր անվամբ գործող էջով հեռարձակվող եթերների ժամանակ կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու վերաբերյալ հայտարարություններ:

Հակոբյանը 2023 թվականին սեպտեմբերին լքել է ՀՀ տարածքը:

«Հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ նշված անձը, ունենալով հակաիշխանական հայացքներ, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, «YouTube.com» կայքի իր անվամբ և իր կողմից վարվող էջով 2024 թվականի մարտի 26-ին, 27-ին, 28-ին, և ապրիլի 17-ին իր եթերների ժամանակ շարունակաբար կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչպես նաև՝ այդ նպատակով տարածել է նյութ»,- ասված է ՔԿ հայտարարության մեջ։

Ըստ կոմիտեի՝ ձեռք բերված փաստերի հիման վրա Վ․Հ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը):

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող ենթադրյալ հանցագործություն կատարած նշված անձին, դատարան ներկայացնելու համար, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։ 

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Վ․Հ․-ի կատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում