Գրադարանավարի օրվա կապակցությամբ գրադարանների աշխատակիցները պարգևատրվել են
Գրադարանավարի օրվա առթիվ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով և պատվոգրով:
Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Ողջունելով ներկաներին՝ Ալֆրեդ Քոչարյանը նախարարության անունից մեկ անգամ ևս շնորհավորել է ոլորտի աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ և կարևորել գրադարանների և գրադարանավարների անգնահատելի դերակատարումը հանրության կյանքում:
Նախարարի տեղակալը խոսել է նաև ոլորտում առկա մարտահրավերների մասին՝ մատնանշելով արդի տեխնոլոգիաների ներդրման, նորարարական մոտեցումների անհրաժեշտությունը: Նա վստահություն է հայտնել, որ ոլորտի ներկայացուցիչները հմտությունների զարգացման և բարձր մասնագիտական կարողությունների շնորհիվ հաղթահարում են նաև այդ խնդիրները:
Ալֆրեդ Քոչարյանի ընդգծմամբ՝ պետությունը անչափ կարևորում է գրադարանային ոլորտի առաջխաղացումը և դրա լավարկման նպատակով պետական բյուջեից 30 մլն դրամ է հատկացվել գրադարանների սերվերների ձեռքբերման համար, որոնց միջոցով կապահովվեն գրադարանների անվտանգ և սահուն աշխատանքները:
Նախարարի տեղակալը մաղթել է ոլորտի մասնագետներին կենսական մեծ ուժ և հաջողություններ:
Կարծիքներ