Instagram-ն իր նախաձեռնությամբ կհամագործակցի հայկական Zoomerang-ի հետ
Instagram-ն այսուհետ համագործակցելու է հայկական Zoomerang ընկերության հետ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Zoomerang-ի համահիմնադիր Դավիթ Գրիգորյանը նշեց, որ համագործակցությունը սկսվել է Instagram-ի նախաձեռնությամբ։
Սոցիալական ցանցի օգտատերերը կարող են Instagram-ում կիսվել Reels-երով մի շարք հավելվածներից, այդ թվում՝ Zoomerang-ից:
«Այս համագործակցության շրջանակում նախատեսվում է բարելավել Content Creator-ների փորձառությունը Instagram Reels-ում ու Facebook Reels-ում: Համագործակցության ընթացքում մենք իրենց օգնելու ենք բովանդակության ստեղծման մասով, իսկ իրենք մեզ՝ տեսանելիության»,- ասաց Դավիթ Գրիգորյանը։
Հայաստանում ստեղծված Zoomerang հավելվածով հնարավոր է ստեղծել ժամանակակից հոլովակներ՝ օգտագործելով նախընտրած երաժշտությունն ու էֆեկտը: Տեսահոլովակը հնարավոր է նկարահանել միանգամից կամ մասերով, ընտրել կադրերի ցուցադրման մի քանի արագություն, ավելացնել տեքստ, GIF-եր և այլն, իսկ վերջում ներբեռնել վիդեոն կամ կիսվել ընկերների հետ անմիջապես հավելվածից։
Հավելվածում ամսական 20 միլիոն տեսահոլովակ է ստեղծվում, այն արդեն ավելի քան 30 միլիոն ներբեռնում ունի:
Կարծիքներ