Բրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով յոթ մարդ է զոհվել
Առնվազն յոթ մարդ է զոհվել, 175-ը՝ վիրավորվել հորդառատ անձրևների հետևանքով` Բրազիլիայի հյուսիս-արևելյան Բաիա նահանգում և հարևան Մինաս Ժերայս նահանգում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է UOL պորտալը՝ փրկարար ծառայությանը հղումով։
Այս նահանգների սահմանին շաբաթվա կեսերից մոլեգնում է արտատրոպիկական ցիկլոն, ինչի արդյունքում տեղումների մակարդակը տարածաշրջանում հասել է 450 մմ-ի։ Բաիա նահանգի 25 մունիցիպալիտետներում արտակարգ դրություն է հայտարարվել, որի պատճառը վերջին 35 տարվա ընթացքում ամենասարսափելի ջրհեղեղներն են։ Տարերքները ավերել են մի քանի կամուրջ, երկու գետի ամբարտակ, արգելափակել են երթևեկությունը երեք մայրուղիներով։
Փրկարարների տվյալներով՝ մոտ 5,7 հազար մարդ մնացել է անօթևան, ևս 6,7 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները։ Աղետից տուժել է շրջանի ավելի քան 85 հազար բնակիչ։
Կարծիքներ