Բլինկենը նշել է Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու պայմանները
Ուկրաինան և Վրաստանը կարող են առաջ շարժվել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, եթե բավարարեն պահանջները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի օրը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Դաշինքը 2008 թվականին հաստատեց, որ բաց է Ուկրաինայի և Վրաստանի համար: Եթե նրանք շարունակեն անդամակցության հայտերը և բավարարեն պահանջները, դա կմոտեցնի հարցի լուծումը»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։
«ՆԱՏՕ-ն իր ստեղծման օրվանից հստակ հասկացրել է, որ իր դռները բաց կլինեն բոլոր եվրոպական երկրների համար, որոնք հավակնում են անդամակցության և կբավարարեն անհրաժեշտ չափանիշները»,- ասել է նա։
Հյուսիսատլանտյան դաշինքը 2008 թվականի գագաթնաժողովում քաղաքական հայտարարություն ընդունեց այն մասին, որ Ուկրաինան և Վրաստանը, ի վերջո, կդառնան նրա անդամները, սակայն հրաժարվեց երկու երկրներին տրամադրել անդամակցության նախապատրաստման գործողությունների ծրագիր, որը կազմակերպությանն անդամակցելու իրավական ընթացակարգի առաջին քայլն է։
Կարծիքներ