Արցախի պետնախարարը համագործակցության հնարավորություններ է քննարկել Կալիֆորնիայի ընտրված պաշտոնյաների հետ

Արցախի պետնախարարը համագործակցության հնարավորություններ է քննարկել Կալիֆորնիայի ընտրված պաշտոնյաների հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանի, սենատոր Էնթոնի Փորթանթինոյի և Գլենդելի քաղաքապետ Փոլա Դիվայնի հետ:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմից, պետական նախարարը շնորհակալություն է հայտնել Կալիֆորնիայի ընտրված պաշտոնյաներին Արցախի ժողովրդին ցուցաբերվող շարունակական սատարման համար՝ շեշտադրելով հարաբերությունների ընդլայնման ու զարգացման անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ Կալիֆորնիայի կողմից ԱՀ անկախության ճանաչման 2014թ. բանաձևը ոչ միայն քաղաքական ակտ էր, այլև՝ պատուհան է բացել գործնական համագործակցության համար, որի ուղղությամբ արցախյան կողմը պատրաստ է հստակ միջոցներ ձեռնարկել:

Ըստ աղբյուրի՝ Ադրին Նազարյանը և Էնթոնի Փորթանթինոն պատրաստակամություն են հայտնել բոլոր հնարավոր ձևաչափերով խորացնել առկա հարաբերությունները: Գլենդելի քաղաքապետ Փոլա Դիվայնի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախի քաղաքների հետ համագործակցության եզրերի շուրջ՝ երկուստեք կարևորելով և՛ նյութատեխնիկական աջակցությանը, և՛ կարողությունների զարգացմանը միտված ծրագրերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում